19/07/2018 20:38
Երևանում տարօրինակ են համարել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը, թե Բաքվում չգիտեն՝ ով է Հայաստանի անունից բանակցելու ԼՂ հարցով
Երևանում տարօրինակ որակեցին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե Բաքվում դեռ չգիտեն, թե Հայաստանի անունից ո՞վ է բարձր մակարդակով վարելու ԼՂ կարգավորման հարցով բանակցությունները։
«Առնվազն դա տարօրինակ է հնչում։ Մենք հուսով էինք, որ Ադրբեջանում կարդացել են ՀՀ Սահմանադրությունը, վերլուծել և հասկացել են էությունը։ Բացի այդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի անունից բանակցություններ վարել Ադրբեջանի ղեկավարի հետ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Բալայանը։
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հարցին, թե առաջիկայում կա՞ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորություն, Հ.Հաջիևը պատասխանել էր. «Անկեղծ ասած՝ մեզ համար դեռ հասկանալի չէ, թե ո՞վ է բարձր մակարդակով վարելու բանակցությունները։ Հայաստանի նախագահական աշխատակազմից լսել ենք մեկ տարբերակ, իսկ վարչապետի գրասենյակից՝ այլ։ Իսկ ընդհանուր առմամբ, մենք պատրաստ ենք բարձր մակարդակով բանակցությունների համար»։