19/07/2018 14:34
Պարզապես դարձեք ժողովրդավար երկիր. Թբիլիսիում հայկական կողմի արձագանքը ադրբեջանցիներին (Տեսանյութ)
Թբիլիսիում կայացած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) «Որակյալ լրագրությունը՝ հուսալի և վստահելի տեղեկատվության համար» թեմայով Հարավային Կովկասի ԶԼՄ-ների 15-րդ կոնֆերանսի վերջին նիստում հայկական կողմը հնարավորություն ստացավ արձագանքել ադրբեջանական պատվիրակության հակահայկական հայտարարություններին։
Այսօրվա նիստում, երբ քննարկվում էր ատելության քարոզի մասին խնդիրը, ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության լրագրողների հետ կապի բաժնի վարիչ Էլեն Հարությունյանը մտահոգություն հայտնեց նիստը վարողի անգործության վերաբերյալ՝ ընդգծելով, որ հակահայկական քարոզչություն, ատելություն և ապատեղեկատվություն տարածելու համար այս հարթակը շարունակաբար չարաշահում է ադրբեջանակն կողմը։
«Ես կցանկանայի խնդրել նիստը վարողներին ուշադիր լինել և կիրառել իրենց տրված լիազորությունները՝ կանխելու ելույթ ունեցողների կողմից այս ձևաչափում այլ երկրի նկատմամբ թշնամական տեղեկատվության տարածումը: Հուսով եմ, որ կազմակերպիչները կհանգեն համապատասխան եզրակացությունների, և հաջորդ տարի մենք չենք ունենա նմանօրինակ իրավիճակ», - նշեց Է.Հարությունյանը։
Այնուհետև անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևի հակահայկական հայտարարություններին, երբ վերջինը հիշատակել էր այսպես կոչված «օկուպացված տարածքների մասին», Էլեն Հարությունյանը հայտարարեց.
«Ադրբեջանի ներկայացուցիչն ակնհայտորեն ի ցույց դրեց Հայաստանի և հայերի նկատմամբ թշնամանքի այն աստիճանը, որը Ադրբեջանի կառավարությունը սերմանում է սեփական երկրում: Եվ ամեն անցնող տարին այս պատմությանը տալիս է նոր նրբերանգներ: Պարոն Հաջիևն այնքան հեռու գնաց, որ Հայաստանին մեղադրեց հոլոքոստ իրականացնելու մեջ` հնչեցնելով անհիմն մեղադրանք, որը չափազանց զգայուն հարց է Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար: Կարծես թե, դուք չեք հասկանում բառի արժեքը՝ մենք հասկանում ենք: Եվ վճռականորեն մերժում ենք ձեր բոլոր անհիմն մեղադրանքները: Իսկ ինչ վերաբերում է փախստականներին, ապա այդ մենք պետք է խոսենք գրեթե կես միլիոն հայերի մասին, որոնք մազապուրծ եղան ադրբեջանական քաղաքների, այդ թվում մայրաքաղաքի հայկական թաղամասերում հանցախմբերի և կողոպտիչների իրականացված ջարդերից, փախուստի դիմեցին՝ չունենալով ոչինչ, բացի իրենց հագուստից: Բայց Հայաստանի կառավարությունը նրանց չի պահում որպես գերի միջազգային քաղաքական խաղերի համար, քանի որ այս մարդկանց իրավունքները մեզ համար բացարձակ արժեք են»:
«Ադրբեջանական իշխանությունների համար հին բարի ավանդույթ է դարձել. երբ որևէ մեկը երբևէ խոսում է Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության անմխիթար վիճակի մասին, նրանք խուսափում են բոլոր հարցերին պատասխանելուց՝ ուշադրությունը շեղելով Հայաստանի և ղարաբաղյան հիմնախնդրի վրա: Եվ ի դեպ, հիմնախնդրի հիմքում Արցախի ժողովրդի ապրելու իրավունքն է ազատ և ժողովրդավարական երկրում, ինչպիսին Ադրբեջանը ակնհայտորեն չի հանդիսանում: Եվ որքան շուտ Ադրբեջանը համակերպվի այս իրողության հետ, այնքան շուտ մենք կգտնենք կայուն խաղաղություն», - նշեց Էլեն Հարությունյանը:
Նաև հավելեց. «Եվ վերջին դիտարկումը: Պարոն Հաջիևը բողոքում էր Կազմակերպված հանցագործությունների և կոռուպցիայի իրազեկման նախագծի կողմից եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու լայնածավալ կոռուպցիոն սխեմաների բացահայտումներից, որը հայտնի է որպես ադրբեջանական լվացքատուն: Նա անվանեց դա անարդար, փաստերից զուրկ «սառը պատերազմին բնորոշ քարոզչություն» ընդդեմ Ադրբեջանի: Բայց կարծես թե ներկայացված փաստերը բավարար են եղել իտալացի իրավապահների, Եվրոպայի խորհրդի և նրա խորհրդարանական վեհաժողովի և մյուսների համար անհրաժեշտ իրավական քայլեր ձեռնարկելու համար: Ադրբեջանում օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում իրավիճակի քննադատությունը կանխելու համար եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառել փորձելու համար միլիոններ վատնելու փոխարեն, ես խորհուրդ կտայի փորձել կառուցել իրապես ժողովրդավարական ժամանակակից երկիր, ինչը, հավատացնում են, և՛ տնտեսակապես առավել արդյունվետ կլինի, և՛ շատ ավելի օգտակար՝ Ադրբեջանի ժողովրդի համար», - ասաց Է.Հարությունյանը: