19/07/2018 09:39
Ադրբեջանում չգիտեն՝ թե Հայաստանից ով է բարձր մակարդակով վարելու ԼՂ կարգավորման հարցով բանակցությունները
Ադրբեջանի արտաքին գործերի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը կառուցողական է համարում հուլիսի 11-ին Բրյուսելում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
Նկատենք՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո սա երկու երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումն էր։
«Ընդհանուր առմամբ հանդիպումը կառուցողական էր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած հանդիպումը տևել է չորս ժամ։ Նրանք քննարկել են օրակարգային հարցեր և պայմանավորվել են, որ այդ ֆորմատով բանակցային գործընթացը պետք է շարունակվի», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ.Հաջիևը։
Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը դրական է գնահատում երկու նախարարների հանդիպումը։
«Կարծում ենք, որ պետք է շարունակվեն սուբստանտիվ բանակցությունները՝ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար», - ասաց Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։
Aysor.am-ի թղթակցի հարցին, թե առաջիկայում կա՞ երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորություն, Հ.Հաջիևը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ մեզ համար դեռ հասկանալի չէ, թե ո՞վ է բարձր մակարդակով վարելու բանակցությունները։ Հայաստանի նախագահական աշխատակազմից լսել ենք մեկ տարբերակ, իսկ վարչապետի գրասենյակից՝ այլ։ Իսկ ընդհանուր առմամբ, մենք պատրաստ ենք բարձր մակարդակով բանակցությունների համար»։
Նրա խոսքով՝ բարձր մակարդակով հանդիպումը ինքնանպատակ չպետք է լինի և արդեն ժամանակն է ղարաբաղյան հակամարտության լուծման համար։
«Սկզբունքորեն, նման հանդիպում հնարավոր է։ Ինչպես ասվում է, գնդակը հայկական կողմի դաշտում է և պետք է որոշվի՝ ով է վարելու բանակցությունները», - նկատեց Հ.Հաջիևը։
Հարցին, թե այդ խնդիրը չի՞ բարձրացվել արտգործնախարարների հանդիպման ժամանակ, Հ.Հաջիևը բացասական պատասխան տվեց և հավելեց, որ իրենք այդ հարցի վերաբերյալ սպասում են որոշակիություն հայկական կողմից։
«Մենք սպասում ենք կառուցողական քայլեր Հայաստանի նոր ղեկավարության կողմից։ Գոյություն ունեցող ձևաչափի և օրակարգային հարցի հիման վրա մենք պատրաստ ենք շարունակել բանակցային գործընթացը», - ասաց նա։