20/07/2018 19:43
Դատարանի սահմանած գրավի չափը՝ 1 մլրդ դրամ, աննախադեպ է և չեմ կարող ասել կվճարվի՞ թե ոչ. Վաչիկ Ղազարյանի փաստաբան
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Արմեն Հարությունյանի համար անսպասելի էր Վերաքննիչ քրեական դատարանի կողմից սահմանված գրավի չափը՝ 1 մլրդ դրամ:
«Ես չեմ կարող ասել՝ կվճարվի՞ թե՞ Ոչ: Դատարանի որոշումը կստանանք, կուսումնասիրենք և այդ մասին առանձին հայտարարությամբ հանդես կգանք: Այս պահին չեմ կարող որևէ հայտարարություն անել, մինչև որոշմանը չծանոթանանք», -Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Նրա խոսքով, դատարանի սահմանած գումարը աննախադեպ մեծ չափերի գումար է:
Մեր հարցին, թե արդյոք այդ չափը ընդունելի է իրենց համար, փաստաբանը պատասխանեց. «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել ընդունելի-չընդունելի լինելու մասին: Բայց մի բան կարող եմ ասել, որ աննախադեպ չափ է սահմանած»:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել փոխել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոց կալանքը և սահմանել գրավ՝ 1 մլրդ դրամ:
Նշենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները: Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը:
Նշվում էր, որ հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, այսինքն` վերջինը ապօրինի հարստացել է:
Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին: