20/07/2018 14:11
Չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը չի օգտագործի իր լծակները՝ Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար. Նիկոլ Փաշինյան
Տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը միշտ առկա է եղել և մենք պետք է պատրաստ լինենք նման զարգացումների, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով պատերազմի հնարավոր վերսկսման մեջ Ռուսաստանի դերակատարմանը, ՀՀ վարչապետն ասաց.
«Բոլորս էլ հասկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես գերտերություն, հնարավորություն ունի թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում: Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար: Բոլորի պես ես էլ համոզված եմ՝ Ռուսաստանը կարող է թույլ չտալ պատերազմը: Ու չեմ կարող հավատալ, որ նա չի օգտագործի իր լծակները՝ Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»:
Սահմանին տիրող լարվածությունը գնահատելով՝ Ն. Փաշինյանն ասաց, որ այն ամեն օր կարող է փոքր-ինչ ավելանալ ու պակասել: Ավելի շատ ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ:
«Դա կարող է մի օր կրակոցներով արտահայտվել, հաջորդ օրը՝ ոչ: Կրակոցների վիճակագրությունը շատ հաճախ նույնիսկ սովորականից շատ ավելի ցածր է լինում: Բայց դա չի նշանակում, որ այդ օրվա մեջ ռազմաքաղաքական իրավիճակը փոխվում է»- նշեց վարչապետը: