20/07/2018 10:42
«Արցախ»-ը պաշտպանելու է Արթուր Վանեցյանի թեկնածությունը ՀՖՖ նախագահի ընտրություններում
«Արցախ» ֆուտբոլային ակումբի տնօրինությունը մեծ ոգևորությամբ է ընդունում Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին լուրը։
««Արցախը» իր վստահությունն է հայտնում Արթուր Վանեցյանի թեկնածությանը ՀՖՖ նախագահի պաշտոնում և պատրաստ է պաշտպանելու նրա թեկնածությունը առաջիկա ընտրություններում։
Վստահ ենք, որ պարոն Վանեցյանի օրոք կունենանք այն հավաքականն ու ներքին առաջնությունը, որին տարիներ շարունակ սպասել է հայ ժողովուրդը։ Աջակցենք և միասին զարգացնենք հայկական ֆուտբոլը»,-ասված է ակումբի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ցանկություն ունի դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։
Նա նաև ասել էր, որ իր թեկնածությունը կառաջադրի միայն այն դեպքում, երբ ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները հավաստիացնեն, որ դեմ չեն, որ ինքը լինի ՀՖՖ նախագահ: