20/07/2018 16:52
Իր ընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլի զարգացումը կլինի անխուսափելի. «Բանանցը» Վանեցյանի կողքին է
«Բանանց» ֆուտբոլային ակումբն իր աջակցությունն է հայտնում Արթուր Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում։
«Ինչպես հայտնի է սույն թվականի սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ արտահերթ ժողովը, որի արդյունքում պետք է կայանան Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Հայտնի է, որ ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է իր պատրաստակամությունը նշված ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասով:
«Բանանց» ՖԱ-ի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում, համոզված լինելով, որ իր ընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլի զարգացումը կլինի անխուսափելի», - ասված է ակումբի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ցանկություն ունի դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։
Նա նաև ասել էր, որ իր թեկնածությունը կառաջադրի միայն այն դեպքում, երբ ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները հավաստիացնեն, որ դեմ չեն, որ ինքը լինի ՀՖՖ նախագահ:
Վանեցյանի թեկնածությանը պաշտպանելու մասին հայտարարել են «Արցախ», «Արարատ», «Փյունիկ», «Ալաշկերտ» և «Շիրակ» ակումբները։