21/07/2018 15:42
ԼՂ հակամարտությունում Մոսկվայի դերի մասին Փաշինյանի հայտարարությունը հաջող չէր, սակայն բխում է իր վարած քաղաքականությունից. Շարմազանով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հնարավոր պատերազմի վերսկսման վտանգը կանխելու հիմնական պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա, բխում է իր վարած քաղաքականությունից։
«Լավն է եղել, վատն է եղել, դա ժամանակը ցույց կտա», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։
Է.Շարմազանովը նշեց՝ պատերազմի վերսկսկման վտանգի տեսանկյունից համամիտ է Ն.Փաշինյանի հետ այն առումով, որ քանի դեռ չկա վերջնական խաղաղության պայմանագիր, ցանկացած պահի էլ, թեկուզ տեսականորեն, կարող են լինել որոշակի սրացումներ շփման գծում՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի քաղաքականության նենգ բնույթը։
«Ադրբեջանն այս տարիների ընթացքում առնվազն մեկ անգամ չէ, որ ցույց է տվել , որ ինքը ահաբեկչական պետություն է, որ ժողովրդավարական արժեքների հետ որևէ կապ չունի և, որ ինքը ոչ թե խնդրի խաղաղ հանգուցալուծման ջատագով է, այլ՝ տարածաշրջանային ապակայունացման ջատագով», - ասաց Է.Շարմազանովը։
Նա ընդգծեց՝ չի կարծում, որ Ն.Փաշինյանի հայտարարությունը հաջող էր։
«Որովհետև նմանատիպ հայտարարություններով դու հնարավոր պատերազմի վերսկսման, հնարավոր ապակառուցողական գործողությունների, հնարավոր սպառնալիքների իրականացման, հնարավոր կրակոցների իրականացման պատասխանատվությունը հանում ես Ալիևի վրայից, թեկուզ ենթագիտակցաբար, և դնում ես Ռուսաստանի վրա», - նշեց ԱԺ փոխնախագահը։
Նա ասաց, որ այս հայտարարությունը ճիշտ չէ այն առումով նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում կա երեք համանախագահող երկիր՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա։
«Ես այն կարծիքին չեմ, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում կամ այս հարցում ավելի քիչ լծակներ ունի որպես համանախագահ։ Առնվազն երեք համանախագահների հայտարարությունները եղել են համահունչ, հստակ ու միասնական», - ասաց նա։
Է.Շարմազանովը նշեց, թե չի հասկանում Ռուսաստանին առանձնացնելու մոտիվը։
«Ես կարծում եմ՝ այդ հայտարարությունը դիվանագիտական առումով էլ հաջող հայտարարություն չէ։ Ի՞նչ է, եթե վաղն Ադրբեջանը կռիվը սկսեց՝ ասելու ենք Ամերիկան ու Ֆրանսիան թույլ տվեցին, որ կռիվը սկսի՞», - նշեց նա։
«Ղարաբաղյան կոնֆլիկտում համանախագահներից մեկին ավելի շատ դերակատարում տալ, մեկին ավելի քիչ, չեմ կարծում, որ բխում է իրականությունից», - ասաց Է.Շարմազանովը։