21/07/2018 12:01
Հայտնի է Արթուր Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի» ակումբը կպաշտպանի նրա թեկնածությունը
«Լոռի» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը:
«Այսօր շրջանառվում է պարոն Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու հարցը, որը հասարակական հնչեղություն է ստացել:
Պարոն Վանեցյանին ճանաչում եմ երկար տարիներ: Այդ ընթացքում մեր միջեւ ձեւավորվել են մարդկային փոխադարձ հարգալից հարաբերություններ: Մեր բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկումների հիմնական թեմաներից մեկը եղել է ֆուտբոլը:
Լինելով «Լոռի» ՖԱ-ի հիմնադիրը եւ հանդիսանալով ՀՖՖ Գործկոմի անդամ՝ միանգամայն դրական վերաբերմունք ունեմ պարոն Վանեցյանի կողմից հայկական ֆուտբոլի ղեկավարությունը ստանձնելու հարցի վերաբերյալ: Ինձ հայտնի է պարոն Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը, որի շուրջ ունեցել ենք բուռն եւ արդյունավետ քննարկումներ: Այն միանգամայն համահունչ է իմ մոտեցումներին եւ պատկերացումներին:
Հետեւաբար՝ «Լոռի» ՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում կպաշտպանի պարոն Վանեցյանի թեկնածությունը»,-ասված է ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ցանկություն ունի դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։
Նա նաև ասել էր, որ իր թեկնածությունը կառաջադրի միայն այն դեպքում, երբ ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները հավաստիացնեն, որ դեմ չեն, որ ինքը լինի ՀՖՖ նախագահ:
Վանեցյանի թեկնածությանը պաշտպանելու մասին հայտարարել են «Արցախ», «Արարատ», «Փյունիկ», «Ալաշկերտ», «Բանանց» և «Շիրակ» ակումբները։