23/07/2018 13:14
Հայաստա՛ն, պատրաստվի՛ր. Comedy Club-ը հարձակվում է
Սեպտեմբերի 15-ին և 16-ին Երևանը կվերածվի հումորի մայրաքաղաքի: Առաջին անգամ կանցկացվի Comedy Club փառատոնը։
Comedy Club-ի ցանկացած փառատոն իրադարձություն է, որն անպայման դառնում է պատմություն։ Ռեզիդենտները կժամանեն Երևան՝ քաղաքի 2800-ամյակի տոնախմբության օրերին։ Կժամանեն բոլորը՝ Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեվվան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Люсёк» Սորոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլեվ» եռյակը, Դմիտրի Գրաչովը։ Կժամանի նույնիսկ USB խումբը, որի գործունեությունն արգելված է ՌԴ տարածքում, իսկ սա ինքնին լավ նորություն է նաև յուրահատուկ երաժշտության սիրահարների համար։
Միջոցառման գլխավոր իրադարձությունը Գարիկ Մարտիրոսյանի վերադարձն է։ Վերջին կես տարում նրա անվան շուրջ բազմաթիվ ասեկոսեներ էին պտտվում, սակայն արդեն սեպտեմբերին նա կրկին բեմ կբարձրանա և Պավել Վոլյայի հետ միասին կշփվի հանդիսատեսի հետ։
«2018-ին Երևանը նշում է իր 2800-ամյակը։ Այն անհավանական քաղաք է՝ բաց ոգով և հարուստ պատմությամբ, և մենք ուրախ ենք, որ մեծ տոնի մասնիկ կդառնանք։ Comedy Club փառատոնը լայն աշխարհագրություն ունի, սակայն սա առաջին անգամն է, երբ մենք նոր թողարկումներ կնկարահանենք Երևանում՝ ռուսական «THT» ալիքի համար։ Ավանդույթի համաձայն, շատ աստղեր կլինեն, այնպես որ դուք էլ եկեք։ Մինչ հանդիպում Երևանում», - նշել է Գարիկ Մարտիրոսյանը:
«Հայաստանը մեզ համար միշտ հարազատ է եղել, և վաղուց էինք ուզում այնտեղ ելույթ ունենալ։ Սակայն չենք մոռանում, որ դա մի ուրիշ երկիր է, իր ուրույն մտածելակերպով։ Այդ իսկ պատճառով փառատոնը մեզ համար ստեղծագործական մարտահրավեր է։ Էլ ի՞նչ հետաքրքիր բան կլինի։ Կպատրաստենք հատուկ ծրագիր և ելույթ կունենանք առավելագույն կազմով, այսպես ասած, ոսկյա, արծաթե կազմով։ Անվանեք, ինչպես կուզեք», - ասել է Պավել Վոլյան: