23/07/2018 18:31
Միշոյի, Դուա Լիպայի, Ուիզ Խալիֆայի և այլ արիտիստների ազգությամբ հայ կլիպմեյքերը Հայաստանում է ու նոր ֆիլմ է նկարահանում
Երեքշաբաթյա դասընթաց անցկացնելու հրավեր ստանալով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից՝ ամերիկահայ Արմեն Սուջյանը արդեն շուրջ 2 ամիս է՝ Հայաստանում է գտնվում: Aysor.am-ի հետ զրույցում կլիպմեյքերը խոստովանում է՝ Հայաստան ու Արցախ այցելությունն իր կյանքը շատ փոխեց, հայկական երկու հանրապետություններում էլ ընկերներ ձեռք բերեց: Արդեն եղել է Գյումրիում, Դիլիջանում ու մի շարք քաղաքներում ու գյուղերում:
Արմենի ընտանիքը՝ արմատներով մեքսիկուհի մայրն ու հայ հայրը, եղբայրը բնակվում են ԱՄՆ-ում: Պատմում է՝ ամեն գիշեր հեռախոսով հոր հետ խոսելիս՝ համոզում էր՝ Հայաստան ու Արցախ գալ:
- Արմեն, առաջին անգա՞մ եք հայաստանում:
- Ոչ, երկրորդ անգամ եմ, առաջին անգամ 2003 թվականին եմ եկել՝ դասարանիս հետ: Այդ ժամանակ ընդամենը 18 տարեկան էի, Հայաստանը տեսանք, հուզվեցինք, բայց քանի որ շատ երիտասարդ էինք՝ ավելի շատ ուշադրություն ժամանցի վրա էինք դարձնում: Չկարողացա տեղացի հայերի հետ խոսել: Իսկ հիմա արդեն 33 տարեկան եմ, ու անընդհատ փորձում եմ տարբեր մարդկանց հետ զրուցել, իմանալ իրենց կյանքի, մտածմունքների մասին: Ես էլ հավատում եմ, որ Հայաստանն ու Սփյուռքն այսուհետ ձեռք ձեռքի տված պետք է հզորացնեն Հայաստանը:
- Մի քանի ամիս առաջ այդպիսի միտք չկա՞ր:
- Իրականում՝ ոչ, քանի որ մի մասը չէր վստահում: Ի վերջո, հիմա տեսանք, թե այստեղ ինչ սխալներ էին պատահում:
- Այս անգա՞մ ինչու որոշեցիք այցելել Հայաստան:
- Առաջինը հայրս է եկել՝ մայիսի սկզբին, 1998 թվականից մինչ այսօր Հայաստան չէր եկած: 73 տարեկան է, ինձ ասաց՝ այս հեղափոխությունը պետք է տեսնել, սա մեր ապագան է: Այստեղից ինձ վիդեոներ էր ուղարկում ու հորդորում գալ: Ասում էր՝ պետք է գաս, պետք է տեսնես, սա մեր տունն է: Բայց գործի բերումով չէի կարողանում հարմարեցնել: Նաև Իտալիա պետք է մեկնեի՝ ընկերոջս հարսանիքին: Երկուս ու կես շաբաթ այնտեղ պետք է մնայի: Ու երբ հորս հետ նորից խոսեցի, հասկացա՝ իրեն առաջին անգամ եմ այդպես ոգևորված ու հպարտ տեսնում: Շատ չես տենի, որ հայրս ժպիտով խոսի, իսկ այդ ժամանակ իր դեմքին անընդհատ ժպիտ ուներ: Հենց այդ գիշեր տոմսս գնեցի ու եկա Հայաստան հենց Իտալիայից:
- Դասընթացներ անցկացրեցիք Երևանի ու Արցախի Թումո կենտրոննների պատանիների հետ: Ի՞նչ տպավորություններ ստացաք:
- Իրենք 15 տարեկանում հասել են այն մակարդակին, որին ես հասել եմ 25-ում, շատ խելացի պատանիներ են: Իրենց էլ եմ այդ մասին ասել, բայց չեն հավատում, մտածում են՝ հաճոյախոսում եմ (ժպտում է՝ հեղ.):
- Երկա՞ր ժամանակով եք եկել:
- Հունիսի 17-ին Արցախից Երևան եկա, քանի որ պետք է վերադառնայի Լոս Անջելես: Հայրս ասաց, որ ամսի 28-ին իր հետ վերադառնամ, բայց մնացի: Իրեն ասացի՝ չգիտեմ երբ, բայց օր մը ետ կուգամ: Նայեցավ ինձ ու ասեց՝ չէ, սպասիր, թե ես երբ Հայաստան ետ կգամ:
- Ի՞նչ տվեց Ձեզ Հայաստան այցելությունը: Հավանեցի՞ք:
- Այնտեղ շատ եմ մրցակցություն տեսել, իսկ այստեղ միասնական են, ու դա միշտ պետք է պահել: Երբ Հայաստան եկա, ծանոթացա հորս ընկերոջ հետ, ում երբեք չէի տեսել: Նա մեզ տվեց այն ամենն, ինչի անհրաժեշտություն ունեինք՝ մեր դոկումենտալ ֆիլմում օգտագործելու համար: Երբ ուզում էինք իրեն վճարել, բարկացավ: ԱՄՆ-ում այսպիսի բան դժվար թե տեսնես: Այնտեղ նույնիսկ եղբորդ պետք է վճարես, եթե նրա օգնության պետքն ունես… Դրսում ռոբոտի պես ես ապրում, ոչ հասցնում ես հյուր գնաս, ոչ էլ հյուր ընդունես: Ամենամտերիմ ընկերներիս ամսվա մեջ միջին հաշվով մեկ կամ երկու անգամ եմ տեսնում, նույնիսկ ծնողներիդ հաճախ չես հանդիպում: Ու երբ այստեղ այդ մասին պատմում եմ, չեն հավատում: Լոսի մեջ ապրելը շատ թանկ է, հավատացեք, ամեն անգամ միտքդ գործիդ վրա է: Նույնիսկ ընտանիք ստեղծելու համար ժամանակ չես գտնում…Պիտի խոստովանեմ, որ ես և հայրս առաջին անգամ միմյանց հետ երկար ժամանակ անցկացրեցինք՝ 20 օր: Բավական մտերիմ դարձանք, կարծես՝ ոչ թե հայր ու զավակ լինեինք, այլ՝ եղբայրներ:
- Ձեր հայրիկի հետ մտերիմ չե՞ք եղել:
- Իրականում, իմ ու հորս հարաբերությունները մի քիչ բարդ են եղել: Ծնողներս ամուսնալուծված էին, առանձին էին ապրում, ես մայրիկիս մոտ էի, քանի որ նրա տունը իմ դպրոցի մոտ էր: Շատ չէի կարողանում տեսնել հորս: Դա մորս արգելքը չէր, ուղղակի ժամանակի սղությունն էր պատճառը: Նրանք շատ լավ հարաբերություններ ունեին ու ունեն միմյանց հետ: Դպրոցի պատճառով մենք շաբաթվա 5 օրը մորս մոտ էինք, հայրիկիս տեսնում էինք շաբաթ գիշերը և կիրակի օրը:
- Հնարավո՞ր է՝ մնաք Հայաստանում, էլ չմեկնեք ԱՄՆ:
- Շատ մեծ է մնալուս ցանկությունը, բայց եղբորս զավակների կարոտն ինձ խեղդում է: Միայն իրենց տեսնելու համար եմ ուզում գնալ: Մայրս էլ է ասում մնա: Ասում է՝ ես քեզ դրամ կուղարկեմ, մինչև գործ գտնես, դու հանգիստ եղիր: Հոն պետք է ապրիս, քո երկիրդ է: Ասեցի՝ մամ, շնորհակալություն, բայց քեզ ալ կկարոտեմ: Ու այդ պահին մտածեցի՝ մամաս էլ հայ է (ծիծաղում է՝ հեղ.): Ինչ վերաբերում է այստեղ մնալուն, հայրս Հայաստան տեղափոխվելու մտադրություն ունի. տեսնելով մի քանի երիտասարդների, ովքեր նման քայլ են արել, ոգևորվել է: Մտածում ենք՝ յուրաքանչյուրս կարող է իր գործն այստեղ դնել ու միասին հզորացնել մեր երկիրը: Մենք Ամերիկայում ենք ապրել, մեծացել, ու վախ կա, թե ինչ կլինի, եթե ընտանիքդ, քո ճանաչած կյանքդ ձգես ու հեռանաս, նոր կյանք ստեղծես մի նոր երկրում: Չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում տեղափոխվել: Տեսնում եմ եղբորս, ով երկու զավակների հայր է՝ 7 տարեկան աղջիկ ու 2 տարեկան տղա ունի: Իր ամբողջ կյանքում աշխատեց, որ հաջողության հասնի, ու չի կարող այդ ամենը տեղափոխել այստեղ:
- Հայաստանում ովքե՞ր են Ձեր ընկերները:
- Երիտասարդ տարիներից Սոնայի հետ եմ մտերիմ (ռեփեր Միշոյի կինը՝ հեղ.), իր կազմակերպած միջոցառումների ժամանակ ելույթներով եմ հանդես եկալ: Երբ եկա Հայաստան, հանդիպեցի իր և ամուսնու հետ, երկու տարի չէի տեսել: Ամերիկայի մեջ Սոնայի հետ ընկեր էինք, այստեղ՝ քույրս տեսա: Իրենք հորս զավակի պես ընդունեցին, հորեղբայր էին ասում: Ընկերներս՝ Խաչիկը, Վրեժը այստեղ են ապրում:
- Ձեր հիմնական զբաղմունքը կլիպմեյքերությունն է: Ո՞ւմ հետ եք աշխատել այդ ոլորտում:
- Եղբայրս մտերիմ ընկեր է Սերժ Թանկյանի հետ, նրա երկու-երեք տեսահոլովակներն է նկարել: Մի անգամ եմ ես եմ իր տեսահոլովակը մոնտաժել: Նաև, Միշոյի տեսահոլովակներն եմ նկարել: Այնուհետև ծանոթացա ու աշխատեցի Ուիզ Խալիֆայի, Դուա Լիպայի ու մնացած այլ ճանաչված արտիստների հետ: Բայց շատ եմ ուզում տեսահոլովակներից բացի ֆիլմ նկարել: Հիմա սցենարի վրա եմ աշխատում:
- Ու ինչի՞ մասին կլինի այդ ֆիլմը:
- Իմ ճանապարհի, հայր-զավակ հարաբերությունների մասին, ընկերներիս մասին: Նաև, ինչպես վերը նշեցի, դոկումենտալ ֆիլմ եմ նկարում Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի մասին: Գյումրիում ծանոթացա «Արաատա» խմբի հետ, իրենց մասին ևս կխոսեմ այդ աշխատանքում: Մինչ Հայաստան գալիս ես լավ չէի հասկանում՝ ուր եմ գալիս, ու ուզում եմ հիմա փոխանցել այն, ինչ ինքս զգացի: Չեմ ասում՝ գան ու այստեղ ապրեն, ուղղակի ուզում եմ, որ պարտադիր գան ու տեսնեն, թե ինչպիսի երկիր է: Սա մեր երկիրն է, որի բոլոր պատմություններին ծանոթ ենք, հիմա էլ կարող ենք նոր պատմություն ստեղծել միասին՝ զորացնելով մեր ապագան: Դա մեր զավակների, սերունդների համար է: Ուզում եմ իմ ֆիլմով ցույց տալ աշխարհին, որ Հայաստանի երիատասարդները շատ խելացի են, տաղանդավոր են նաև արվեստի մեջ, ու պետք է օգնենք մեր եղբայրներին ու քույրերին՝ ավելի մեծ ճանաչման հասնել աշխարհում…
- Ձեր մայրիկը մեքսիկուհի է, ինչպե՞ս է, որ կարողացաք նրա մոտ ապրելով՝ պահպանել հայերենը:
- Երբ մայրս սկսեց աշխատել, ես ժամանակս անցկացնում էի հայրական պապիկիս ու մամիկիս (տատիկ՝ հեղ.) հետ, ովքեր ինձ հետ հայերենով էին շփվում:
- Ձեր մայրիկին հայերեն սովորեցրե՞լ եք:
- Խոսում է, բայց ղ տառը դժվարությամբ է արտասանում, «աղջիկ» բառի փոխարեն «առջիկ» է ասում (ծիծաղում է՝ հեղ.): Հայերենով խոսելիս միմյանց հասկանում ենք: Իմ մեծ մորս հետ նա միշտ հայերենով կխոսեր, մեծ մայրս իրեն անգլերենով կպատասխաներ: Հակառակ էր (ժպտում է՝ հեղ.): Անուշ էր տեսնել այդ շփումը:
- Արմեն, դեռ որքա՞ն ժամանակ եք մտադիր մնալ Հայաստանում:
- (Ժպտում է՝ հեղ.) չգիտեմ, դեռ տոմս չեմ գնել հետդարձի: Միայն այն պատճառով եմ ուզում մեկնել, որովհետև եղբորս զավակի 2-րդ տարեդարձն է: Իրեն շատ եմ կարոտել, ուզում եմ այդ օրն այնտեղ լինել ու նորից հետ գալ…