24/07/2018 14:45
Ալեքսանդր Խաչատրյանը, Արսեն Լևոնյանը, «Մեծ Հայք»-ի Նարեկը և այլք ԱՍԱԼԱ-ի և թուրք ազգայնականների միջև մղվող պայքարի մասին պատմող ֆիլմում
Հայկական «Rec-Time» կինոընկերությունը, որը հանրությանը ճանաչելի դարձավ 2014թ-ին՝ «Ելք չկա» գեղարվեստական ֆիլմով, շուտով ևս մեկ աշխատանք կներկայացնի հանդիսատեսին. «Ժամանակն է» վերնագրով նոր ֆիլմը պատմում է մի հայ ընտանիքի մեծ ողբերգության մասին:
Դեպքերը զարգանում են 1993թ-ին համաշխարհային համբավ ունեցող հայկական խմբավորման՝ ԱՍԱԼԱ-ի և թուրք ազգայնականների միջև մղվող պայքարի հիմքում: Ֆիլմի հերոսը դաժան պայմաններում կորցնում է իր ընտանիքի անդամներին, հրաշքով միայն ինքն է ողջ մնում: Տարիներ անց նա վրեժով լցված փորձում է գտնել և հաշվեհարդար տեսնել մարդասպաններից:
«Այս ֆիլմը հայ ժողովրդի անցյալի պատմության փաստագրական էջերի մասին է, որում ցույց ենք տալու, որ մենք չենք մոռացել ու չենք էլ մոռանալու մեր անցյալը, բայց միևնույն ժամանակ հպարտ առաջ ենք գնալու, ավելի հզոր և անկոտրում ենք լինելու, քան կանք: Նկարահանումները սկսել ենք դեռևս նախորդ տարվա սեպտեմբեր ամսից՝ Հունաստանում, այնուհետև շարունակեցինք Ռուսաստանում և Հայաստանում: Վերջնամասը մտադիր ենք նկարահանել Վրաստանում և Թուրքիայում», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ընկերության գործադիր տնօրեն և պրոդյուսեր Կամո Ունանյանը, ով մարմնավորում է նաև ֆիլմի առանցքային հերոսներից մեկին:
Ռեժիսորն է Վահե Սայանը, պրոդյուսերը՝ Կամո Ունանյանը: Դերասանական կազմում ներգրավված են Ալեքսանդր Խաչատրյանը, Ժաննա Բուտուլյան, Մարիամ Մելիքյանը, Նարեկ Պետրոսյանը (Մեծ Հայք), Ադրիանա Գալստյանը, Անատի Սաքանյանը, Արսեն Լևոնյանը և այլք:
Ալեքսանդր Խաչատրյանը հիացմունքով նկատեց, որ նկարահանման հրապարակում հավաքված նոր սերնդի դերասանների հետ աշխատելը բավական հեշտ ու հետաքրքիր է:
«Հետաքրքիր սերունդ ունենք այժմ, ինքս էլ շատ բաներ սովորում եմ հենց իրենցից, որպեսզի քայլեմ ժամանակին համընթաց՝ չկորցնելով, իհարկե, դերասանական իմ դիմագիծն ու բնավորությունը», - շեշտեց նա:
Դերասան Արսեն Լևոնյանն էլ խոստովանեց՝ շատ լավ թիմ է հավաքվել, ինչն էլ իրեն օգնել է համաձայնությունը տալու հարցում:
«Եթե անգամ ինձ մեծ հոնորարներ առաջարկեին, բայց չլիներ լավ ստեղծագործական և ընկերական մթնոլորտ, ես չէի համաձայնվի մասնակցել այս պրոյեկտին», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Անատի Սաքանյանի դեպքում սա երկրորդ համագործակցությունն է «Rec-Time» ընկերության հետ: Դերասանուհին համոզված է՝ այս ֆիլմն ավելի մեծ հաջողություններ կգրանցի, քան առաջինը:
Ռեժիսոր Վահե Սայանի բնորոշմամբ՝ «Ժամանակն է» ֆիլմի թիմը հրաշալի կերպով իրագործում է իր առջև դրված խնդիրները, ինչնն էլ իրեն վստահություն է ներշնչում, որ կունենան կայացած պրոյեկտ:
Սաունդթրեյքը պատկանում է «Play Beck» ընկերությանը՝ ի դեմս Նարեկի (Մեծ Հայք):
Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա աշնան երկրորդ կեսին: