25/07/2018 12:40
Լինել հրամանատար՝ նշանակում է ունենալ կամք և վճռականություն ամենակարևոր պահին զոհվելու հրամաններ արձակելու. ՀՀ վարչապետ
Լինել հայոց բանակի սպա, նշանակում է կյանքը նվիրաբերել հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանն իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա նշանակում է կյանքը նվիրել հայրենակիցների խաղաղ կյանքի, հանգիստ քնի, հանդարտ ապրելու գործին, բայց զինված ուժերի ներկայացուցիչները, սպաները, ուրիշների հանգիստ կյանքը ապահովելով, իրենք ըստ էության, զոհաբերում են իրենց մայրերի, իրենց կանանց, իրենց հարազտաների հանգիստ կյանքը», - ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ նրանք շատ հաճախ, հանուն հայրենիքի պաշտպանության, զոհաբերում են այն ժամանակը, որ պետք է անցկացնեին իրենց ընտանիքերի, երեխաների հետ, որ պետք է անցկացնեին իրենց ընկերների միջավայրում։
«Ես ուզում եմ հավատալ, որ ձեզանից յուրաքանչյուրին դեպի ծառայություն տանում է առաքելության գիտակցումը», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վաղը հայոց բանակն այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին էր երեկ:
«Որովհետև վաղը հայոց բանակը ձեզանից շատերին ունենալու է որպես ծառայող սպա, հրամանատար, մինչդեռ երեկ հայոց բանակը չուներ ձեզ այդպիսի կարգավիճակում: Հույս ունեմ և համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ իր ներկայությամբ, իր գործունեությամբ նոր կարգավիճակով ինչ-որ բան փոխելու է բանակում և կարևոր է, որ հստակ հասկանա և գիտակցի՝ ինչն է փոխում բանակում և ինչ ուղղությամբ: Հավատում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ծառայության է անցնում այն գիտակցությամբ, որ հայրենիքի պաշտպանության և հայոց բանակի ապագան կախված է հենց ձեզնից, այդ մեկ սպայից, մեկ մարդուց», - ասաց նա:
ՀՀ վարչապետն ընդգծեց՝ լինել հրամանատար՝ նշանակում է լինել պատասխանատու ուրիշների առաջ ու ուրիշների համար:
«Լինել հրամանատար՝ նշանակում է ունենալ կամք և վճռականություն ամենակարևոր պահին զոհվելու հրամաններ արձակելու: Սա չափազանց ծանր, հզոր պատասխանատվություն է ու այն կարող են կրել իրապես ուժեղ, անկոտրում կամքի տեր մարդիկ: Ես ձեր հայացքներում տեսնում եմ, որ դուք ունեք այդ կամքը ոչ միայն ծառայելու, այլ հաղթելու, հաղթանակ բերելու մեր հայրենիքին, մեր ժողովրդին: Ձեր աչքերի, ձեր կեցվածքի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները», - ասաց նա:
«Ձեզ փառավոր ծառայություն եմ մաղթում ՀՀ Զինված ուժերում, հայոց բանակում, որովհետև մեր նպատակը, մեր ապագան ու մեր այսօրը մեկն է՝ հայ ժողովուրդը հաղթել է, հաղթել է պատերազմում, պետականության կառուցման գործում, և հայ ժողովուրդը հաղթել է իր իշխանությունն իր երկրում հաստատելու գործում, և որևէ մեկը, դրսից, թե ներսից, չի կարող և չի համարձակվի այդ հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից, և դուք եք այդ հաղթանակի համար մեկ ամենակարևոր պաշտպանները», - ասաց ՀՀ վարչապետը։