25/07/2018 17:35
25 տարի առաջ տեղի են ունեցել Ադրբեջանի և ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների միջև առաջին ուղիղ բանակցությունները (Տեսանյութ)
25 տարի առաջ՝ 1993 թվականի հուլիսի 28-ին, Ադրբեջանի և ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների միջև անցկացվել են առաջին բանակցությունները: 1993 թվականի հուլիսի 23-ին Ադդամի (այժմ Աքնա) ազատագրումից հետո՝ ադրբեջանական իշխանությունները ստիպված էին ուղիղ դիմել Ստեփանակերտին՝ խնդրելով հրադադար:
Դրանից մեկ ամիս առաջ՝ հունիսի 23-ին, Հեյդար Ալիևը վերադարձավ իշխանության: Հրադադարի վերաբերյալ Ստեփանակերտին դիմելու նախաձեռնությունը պատկանում էր հենց նրան:
Վլադիմիր Կազիմիրովի՝ «Ղարաբաղին խաղաղություն» գիրքից մեջբերում.
«Հուլիսի 27-ին Բաքուն և Ստեփանակերտը փոխանակվել են ուղիղ հանդիպման մասնակիցների ցանկով և փոխադարձ երաշխիքներ են տվել իրենց կողմից վերահսկվող, Մարտակերտի շրջանում գտնվող տարածքի անվտանգության համար: Հենց այնտեղ էլ, ճանապարհի բաժանարար հատվածում, 1993 թվականի հուլիսի 28-ին, ժամը 16-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաների հանդիպումը: Ադրբեջանի կողմից դրան մասնակցել են պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս.Աբիևը, պետական նախարար Ի.Ալիևը, Ռազմագերիների և գերիների գծով պետական կոմիտեի փոխնախագահ Ի. Քյազիմովը, ԱԳՆ ներկայացուցիչ Տ.Զուլֆուգարովը և քարտուղարի կարգավիճակով՝ Ն Թալիբովը: Լեռնային Ղարաբաղը ներկայացրել են պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, արտաքին գործերի նորանշանակ նախարար Ա.Ղուկասյանը, ազգային անվտանգության գլխավոր վարչության նախագահ Կ.Աբրահամյանը, ներքին գործերի փոխնախարար Ա. Աղասարյանը, քարտուղար Ա.Մելիք-Շահնազարովը:
1 ժամ 20 րոպե տևած հանդիպման ընթացքում քննարկվել են նախորդ ռազմական գործողությունների սահմանափակումներին, Ադրբեջանի և ԼՂՀ բարձրագույն ղեկավարության հանդիպման անցկացման ժամանակացույցին, ռազմագերիների փոխանակմանը վերաբերող և այլ հարցեր: Ղարաբաղցիները ներկայացրել են համապատասխան պայմանավորվածությունների նախագծերը, սակայն ադրբեջանցիները նշել են, որ տեղում չեն ստորագրի որևէ փաստաթուղթ: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը նրանց է փոխանցել իր կողմից ստորագրված ռազմական գործողությունների սահմանափակումների երկարաձգման մասին փաստաթուղթը, որն ի վերջո Ս.Աբիևը ստորագրել է Բաքվում՝ հուլիսի 29-ի գիշերը (ըստ էության, Հեյդար Ալիևի համաձայնությունը ստանալուց հետո), այնուհետև ֆաքսով ուղղարկել Ստեփանակերտ: Դրանում պայմանավորվածությունը 7 օրով երկարաձգվում էր, որի ընթացքում երկու կողմերի պաշտոնական ներկայացուցիչները պետք է համաձայնության հասնեին՝ Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու համար:
Կարևոր մանրամասներ. փաստաթուղթը կոչվում էր համաձայնագիր իսկ Ս. Աբիևի և Ս. Սարգսյանի ստորագրությունների տակ գրված էր «Ադրբեջանի անունից» և «Լեռնային Ղարաբաղի անունից»:
Մարտակերտի բանակցությունները տեղի են ունեցել առանց որևէ միջնորդության. 1992 թվականի մարտին ստեղծված Մինսկի խումբը որևէ կերպ չէր ներգրավված: Այնուամենայնիվ, ԼՂՀ պատվիրակության քարտուղար Արսեն Մալիք-Շահնազարովի կողմից «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության համար ռեպորտաժից հետո՝ հանդիպման մասին բոլորին է հայտնի դարձել:
Բանակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարը կարճատև էր: 1993 թվականի ամռանից աշուն համաձայնեցվել է ևս մի քանի հրադադար: Մոսկվայում տեղի ունեցավ սկզբում Ա.Ղուկասյան - Ա.Ջալիլով հանդիպումը (հանդիպման ռեպորտաժը ցուցադրվել է ռուսական «Վեստի» ծրագրով), իսկ հոկտեմբերին հանդիպեցին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը: Բանակցությունների հիման վրա ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները արագորեն խախտվել են:
Հասկանալի է, որ Հեյդար Ալիևին նոր ուժեր հավաքելու և նոր գրոհներ կազմակերպելու համար ընդմիջում էր անհրաժեշտ: Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ. 1993 թվականին Հեյդար Ալիևն ուղիղ բանակցություններ էր վարում Ստեփանակերտի հետ, որպես առարկա դիտարկելով հրադադարի ռեժիմ հաստատելը:
Պահպանվել են նաև Ալիևի ստորագրությամբ փաստաթղթեր, որոնցում որպես հակամարտության կողմ նշված է Լեռնային Ղարաբաղը, այդ թվում՝ դրանցից մեկում՝ ԼՂՀ-ը: