25/07/2018 13:39
Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից. Դավիթ Տոնոյան
Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնայանն՝ անդրադառնալով երեկ Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությանը, թե «առաջնագծում լարվածության հնարավոր աճ կարող է լինել սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիներին»։
«Ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե իր վերջին հարցազրույցը ընկալվեց ուղիղ զգուշացում Ադրբեջանին, Տոնոյանն արձագանքեց` չի կարծում, որ իր ասածից ավելին պետք է մեկնաբանել:
«Ես, բացի հայտարարություն անելուց, հիմք ունեմ մեր զինված ուժերի ոգու և պատրաստվածության վրա: Այն, ինչ վարչապետ ու պաշտպանության նախարարությունը հայտարարում են, մենք անելու ենք դա»,- ասաց նա։
«Հայաստանի կառուցողական դիրքորոշումը չպետք է թյուր կարծիք ստեղծի, թե Հայաստանը հանդես է գալիս խաղաղություն խնդրողի դերում: Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինեն նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այնպես չի լինելու, որ միջնորդներին հաջողվելու է համոզել հայկական կողմին դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016 ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չդիմանալ հակառակորդին շեշտակի և լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը»։