25/07/2018 13:17
Ադրբեջանն իր հռետորաբանությամբ, գործողություններով խաթարում է խաղաղության մթնոլորտը, և մենք համարժեք ենք լինելու իրավիճակին. Նիկոլ Փաշինյան
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Բաքվին զգուշացնելու մասին հայտարարությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է համարում։
«Պաշտպանության նախարարը շատ ճիշտ է արել, որ նման հայտարարություններ է արել։ Նախարարի աշխատանքն է՝ այդ հայտարարությունները ոչ միայն անելը այլև այդ հայտարարությունների բովանդակությունն անհրաժեշտության դեպքում ապահովելը»,- այսօր ՊՆ-ում կազմակերպված միջոցառումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետը։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին, Փաշինյանը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ Արցախի ներգրավումը բանակցային գործընթացին կարևոր է։
«Ես ասել եմ, որ կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից և չեմ կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, քանի որ Արցախի Հանրապետությունը ունի դրա համար ընտրված պաշտոնյաներ։ Մենք պատրաստ ենք բանակցությունների և մենք նվիրված ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե ի՞նչ նոր մոտեցումներ ունի նոր իշխանությունը բանակցությունների մասով, Փաշինյանը պատասխանեց, որ պետք է իրավիճակին համարժեք լինել և որևէ դիրքորոշում կարծրացած չէ։
«Մենք կարծում ենք` այո, խաղաղ, բանակցային ճանապարհով հարցի կարգավորումը կարևոր է, մենք համարում ենք, որ դա հնարավոր է, բայց մենք ասում ենք նաև, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ։ Ցավոք սրտի, Ադրբեջանն իր գործողություններով և հռետորաբանությամբ հնարավորություն չի տալիս, խաթարում է ընդհանրապես խաղաղության մթնոլորտը, հետևաբար մենք համարժեք ենք լինելու իրավիճակին։ Եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումը և կնպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, մենք այդ իրավիճակին կլինենք համարժեք։ Եթե այլ իրավիճակի ուղղությամբ կգնա, մենք այդ իրավիճակին նույնպես կլինենք համարժեք»,- հայտարարեց Փաշինյանը։
Նշենք, որ Դավիթ Տոնոյանը օրերս Edaily-ին տված հարցազրույցում մասնավորապես ասել էր.
«Հայաստանի կառուցողական դիրքորոշումը չպետք է թյուր կարծիք ստեղծի, թե Հայաստանը հանդես է գալիս խաղաղություն խնդրողի դերում: Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինեն նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այնպես չի լինելու, որ միջնորդներին հաջողվելու է համոզել հայկական կողմին դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016 ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չդիմանալ հակառակորդին շեշտակի և լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը»։