25/07/2018 11:34
Հայաստանին 140 միլիոն ԱՄՆ դոլարի խոստում երբևէ չի եղել. պարզաբանում են Ամերիկայի Միացյալ Նահանգներից
Օրերս սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվում էին տեղեկություններ, որ ԱՄՆ կառավարությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում օժանդակություն չի տրամադրելու Հայաստանին և այն վերսկսելու հարցը կարող է վերանայվել միայն 2020-ին։ Մասնավորապես, տարածված էր տեղեկություն, որ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ կատարած այցից հետո ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, թե «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը Հայաստանին չի տրամադրի 140 մլն ԱՄՆ դոլար խոստացված գումարը։
Այդ կապակցությամբ Aysor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱՄՆ դեսպանատուն, որտեղից այսօր ստացվել է ԱՄՆ պաշտոնական պարզաբանումը հարցի կապակցությամբ.
«2018թ. հուլիսի 1-ին Համաշխարհային բանկը հրապարակեց երկրների տարեկան դասակարգման մասին տվյալները, որոնց համաձայն, Հայաստանն այժմ տեղ է գտել բարձր-միջին եկամուտ ունեցող երկրների շարքում: Անցած տարվա զեկույցում Համաշխարհային բանկի գնահատմամբ, Հայաստանը ցածր-միջին եկամտով երկիր էր: Արդեն լինելով բարձր-միջին եկամտով երկիր՝ Հայաստանը «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից 2019թ. համար այլևս չի դիտարկվելու:
Օրենքի համաձայն` Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի Տնօրենների խորհուրդը դրամաշնորհային միջոցների հավակնող երկրներին ընտրում է ցածր և ցածր-միջին եկամուտ ունեցող երկրներից»:
Տեղեկանում ենք նաև, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի Տնօրենների խորհուրդը հավակնող երկրների ընտրությունը կատարում է տարեկան մեկ անգամ՝ դեկտեմբերի ամսին:
Ինչ վերաբերում է այսպես կոչված խոստացված 140 մլն ԱՄՆ դոլարին, ԱՄՆ դեսպանատնից հստակեցրել են.
«140 միլիոն ԱՄՆ դոլարի խոստում երբևէ չի եղել: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան նման կերպ չի աշխատում: Այն տարեկան մեկ անգամ ընտրում է դրամաշնորհի հավակնող երկրներին, և երբ այս կամ այն երկիրն արդեն ընտրված է, սկսում է աշխատել վերջինիս հետ՝ խորհրդատվական ու հստակ մշակված գործընթացի միջոցով որոշելու ծրագրային բովանդակությունն ու դրամաշնորհի չափը»:
Նկատենք, որ նախօրեին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ կապված տեղեկություններին արձագանքել էր նաև ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։