25/07/2018 18:53
Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում է առաջադրվել նաև մոսկվայաբնակ Կարեն Ներսիսյանը. մանրամասներ
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն այսօր համատեղության կարգով ստանձնել է թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը: Բանն այն է, որ Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո շուրջ 9 ամիս Հայաստանի միակ ռուսական թատրոնն աշխատում էր առանց գեղարվեստական ղեկավարի: Վերջին 2-3 ամիսների ընթացքում, երբ որոշվեց, որ այլևս ժամանակն է, որ որևէ մեկը հանձն առնի գլխավոր ռեժիսորի գործառույթը, այդ տեղի համար միայն երկու թեկնածուներ առաջադրվեցին՝ թատրոնի երիտասարդ ռեժիսոր Նորա Գրիգորյանը և դերասան, ՀՀ Վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը:
Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի՝ հունիսի 21-ին թատրոն այցելելուց ու անձնակազմի հետ հանդիպելուց հետո որոշում կայացվեց՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանին, ով կպաշտոնավարի մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը: Իսկ այդ ընթացքում թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը: Այնուհետև, կանցկացվի ծրագրերի քննարկումներ և գեղարվեստական ղեկավարի ընտրություն:
Ավելի ուշ Aysor.am-ը Ֆրեդ Դավթյանից տեղեկացավ, որ մինչ այդ թափուր մնացած պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուներին միացել է նաև մեկը՝ մոսկվայաբնակ ռեժիսոր Կարեն Ներսիսյանը:
Այս օրերին Կարեն Ներսիսյանը Հայաստանում է գտնվում, և Aysor.am-ը նրա հետ բացառիկ հարցազրույց է ունեցել:
Ծնունդով երևանցի ռեժիսորը Մոսկվա է տեղափոխվել 1993 թվականին, որտեղ տարբեր թատրոններում բեմադրել է շուրջ 60 ներկայացում: Բեմադրություններով հանդես է եկել նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ԱՄՆ-ում, Չեխիայում ու Ղազախստանում, որպես գեղ. ղեկավար ու ռեժիսոր աշխատել է Ռուսաստանի մի քանի թատրոններում, այդ թվում նաև Րյազանի դրամատիկական թատրոնում: Հիմնադրել ու ղեկավարում է «Հին թատրոն» անկախ թատերական միությունը:
- Պարոն Ներսիսյան, ե՞րբ եք եկել Հայաստան, ո՞ւմ հետ:
- Երկու շաբաթ առաջ եմ եկել, ինձ հետ են ընտանիքիս անդամները՝ կինս, դուստրս ու մայրս:
- Վերջերս թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրեդ Դավթյանը հայտարարեց, որ դուք ևս Ձեր թեկնածությունն եք առաջադրել Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում: Դա Ձե՞ր որոշումն էր, թե՞ առաջարկ որևէ մեկից:
- Ինձ դիմեցին թատրոնի մի խումբ դերասաններ, ես էլ տվեցի իմ համաձայնությունը, քանի որ այդ թատրոնը միշտ եղել է իմ կյանքի նշանակալի մասը: Այստեղ տեղի ունեցող իրադարձությունները ինձ միշտ են հետաքրքրել:
- Քանի որ Հայաստանում եք, հասցրե՞լ եք հանդիպել թատրոնի անձնակազմի հետ:
- Իհարկե, հանդիպել եմ և՛ Ֆրեդ Դավթյանին, և՛ կոլեկտիվին: Հրաշալի ընդունելություն ցուցաբերեցին:
- Ֆրեդ Դավթյանի հետ խոսել եք, ինչպե՞ս է վերաբերվում Ձեր թեկնածությանը:
- Նրա հետ ծանոթ ենք արդեն 30 տարուց ավելի: Ես եղել եմ այն ներկայացման ռեժիսորը, որում նա խաղում էր: Երբ Մոսկվայում էի, մենք հեռախոսով ընկերական ու նաև գործնական զրույց ունեցանք: Որպես թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավարի պաշտոնակատար, բնականաբար, նա պետք է անկողմնակալ դիրք ընդուներ ստեղծված իրավիճակում, ինչն էլ հոյոկապ իրականացրեց:
- Ի՞նչը Ձեզ օգնեց որոշում կայացնել՝ ստանձնել Հայաստանում ռուսական թատրոնի ղեկը:
- Այս թատրոնն իմ կյանքի մի մասն է, ու դրանք լոկ խոսքեր չեն: Եթե ժամանակագրական հերթականությամբ անդրադառնամ՝ վաղ մանկությունից ես Երևանի ռուսական թատրոնի ներկայացումների ամենահավատարիմ հանդիսատեսն եմ եղել: Կարելի է ասել՝ գրեթե անգիր գիտեի մինչև 1993 թվականը բեմադրված բոլոր ներկայացումները: 6-7 տարեկանից ներկա եմ գտնվել ներկայացումների փորձերին, քանի որ հայրս հայտնի ձայնային ռեժիսոր էր, համագործակցում էր թատրոնի հետ: Ինքս էլ դպրոցն ավարտելուց հետո շուրջ մեկ տարի այս թատրոնում եմ աշխատել՝ ձեռք բերելով աշխատանքային փորձ: Կարելի է ասել՝ գիտեմ այս թատրոնը նկուղից մինչև բար: Ի դեպ, մինչև ինստիտուտն ավարտելն էլ որպես ռեժիսոր այս թատրոնում եմ աշխատել, բեմադրել եմ երկու ներկայացում: Ինձ հետ աշխատող խմբից այսօր քչերն են մնացել թատրոնում:
- Փաստորեն, ծանոթ եք Ալեքսանդր Գիիգորյանին ու նրա գործունեությանը:
- Իհարկե, Ալեքսանդր Գրիգորյանը հանդիսանում է իմ առաջին թատերական ուսուցիչը: 15 տարեկանից նա զբաղվել է ինձ հետ՝ պատրաստելով Թատերական ինստիտուտի ընդունելությանը: Հետագայում երիտասարդ ուսանողիս հրավիրեց թատրոնում աշխատելու. սկզբում մանկական ներկայացումների բեմադրման ժամանակ որպես ռեժիսորի օգնական էի աշխատում, իսկ հետո մեկը մյուսի հետևից երկու լուրջ ու ծավալուն բեմադրություններ հանձնարարեց, որոնց մեջ զբաղված էր ռուսական թատրոնի դերասանական կազմի հիմնական մասը, առաջատար արտիստները: Այդ ժամանակ ես դեռ 23 տարեկան էլ չկայի (ժպտում է՝ հեղ.): Իմ՝ Մոսկվա տեղափոխվելուց հետո կապը չկորցրինք: Երբ նա ներկայացում բեմադրեց Մոսկվայի արվեստի թատրոնում ու այստեղ էր գտնվում, հաճախում էր իմ մոսկովյան ներկայացումներին: Շատ գոհ էր: Իհարկե, ես էլ անպայման այցելում էի Մոսկվա հյուրախաղերի եկած Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ներկայացումներին:
- Բացի Ձեզնից, ևս երկու թեկնածու են պայքարում այդ պաշտոնի համար: Ծանո՞թ եք նրանց:
- Անկեղծ ասած, մյուս թեկնածուների մասին քիչ բան գիտեմ: Իհարկե, տեղյակ եմ, որ Ալ. Գրիգորյանի դուստրը՝ Նորա Գրիգորյանն այս թատրոնի ռեժիսոր է, մի քանի ներկայացում է բեմադրել: Մյուս թեկնածուն էլ թատրոնի դերասաններից է:
- Ոչ բոլորն են ծանոթ Ձեր գործունեությանը: Մի փոքր կմանրամասնե՞ք. որտե՞ղ եք ավարտել, որտե՞ղ եք ապրում, ներկայումս ի՞նչ գործունեություն եք ծավալում:
- Ավարտել եմ Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը՝ Երվանդ Ղազանչյանի արվեստանոցը: Նա էլ իմ ուսուցիչներից մեկն է, ում շնորհիվ մասնագիտությանս մեջ շատ բան սովորեցի: Մինչ ինստիտուտն ավարտելը, երեք ներկայացում եմ բեմադրել Երևանում… Գիտեք, ես բեմադրում եմ այն ամենն, ինչ սիրում եմ՝ դասական գործեր, ժամանակակից դրամատուրգիա… Թեև ապրում եմ Մոսկվայում, սակայն երբեմն, երբ ընտանիքում քննարկում ենք սպասվելիք ծրագրերը, կինս և դուստրս հարցնում են՝ իսկ ո՞ր քաղաքում է լինելու: Երբեմն կարիք է լինում 3-4 քաղաքներում միաժամանակ աշխատել: Ունեմ բնակարան նաև Երևանում, բայց այստեղ վաղուց աշխատանք չեն առաջարկել ինձ (ժպտում է՝ հեղ.):
- Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը երկար տարիներ իր ձեռագիրն է ունեցել: Եթե դառնաք այս թատրոնի գեղարվեստական ղեկավար, ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր ղեկավարած թատրոնը:
- Հետաքրքիր, հաջողակ, կենդանի, ստեղծագործ՝ տարբեր. դա պարտադիր է: Ես չեմ պատրաստվում թատերական հեղափոխություն անել՝ հանուն հեղափոխության: Բայց եթե արմատական փոփոխությունների անհրաժեշտություն լինի, որպեսզի խաղացանկում կենդանի ու անկեղծ ներկայացումներ ընդգրվեն, ապա նորարարությանը դեմ չեմ գնա: Չէ՞ որ թատրոնն ինքնին նորարարություն է, այստեղ կյանքը պետք է եռա, ամեն մի րոպե պետք է նոր շունչ հաղորդվի: Թատրոնը մարդիկ են ստեղծում: Բայց ասեմ, որ առաջին նորարարությունը կլինի ոչ շուտ, քան՝ մինչև ես մոտիկից կծանոթանամ թատրոնի ամբողջ կոլեկտիվին:
- Պարոն Ներսիսյան, բավական երիտասարդ տարիքում եք հեռացել Հայաստանից: Ի՞նչը պատճառ դարձավ նման որոշման:
- Երևանում եմ ծնվել, այստեղ ապրել եմ մինչև 22 տարեկանս: Գիտեք, երբ հետ հայացք եմ գցում, հասկանում եմ, թե մասնագիտական տեսանկյունից դա ինչ ճիշտ որոշում էր: 22 ամյա հավակնոտ ռեժիսորի համար մասնագիտական առումով Մոսկվան այն ժամանակ հնարավորությունների լայն հորիզոն բացեց. առաջարկ ստացա Մարկ Ռոզովսկու ղեկավարած «У Никитских ворот» թատրոնից, որտեղ էլ որպես բեմադրող ռեժիսոր աշխատեցի շուրջ 7 տարի: Երիտասարդական թատրոնի հիմնումը, փառատոններին ու ժամանակակից դրամատուրգիայի մասին սեմինարներին մասնակցությունները մասնագիտական կյանքս չէին սահմանափակում միայն մեկ թատրոնով: Մոսկվան աշխարհի խոշորագույն թատերական մայրաքաղաքներից է, այն ժամանակ այստեղ էին աշխատում Պյոտր Ֆեմենկոն, Անատոլի Վասիլևը, հրաշալի ներկայացում բեմադրեց Մարկ Զախարովը, թատրոնների խաղացանկերում դեռևս ընդգրկված էին Անատոլի Էֆրոսի ներկայացումները… Հետագայում ես ԱՄՆ-ում աշխատելու հրաշալի փորձ ձեռքբերեցի, ծանոթացա փառատոնների անցկացման ամերիկյան համակարգին… Արվեստագետ դառնալու համար շատ կարևոր է մասնագիտական շփման լայն շրջանակը:
- Զրույցի ընթացքում նշեցիք, որ ամուսնացած եք, ունեք դուստր: Ձեր կինը հայուհի՞ է, նույն բնագավառի՞ց եք:
- Իսկ նրա ազգային պատկանելիությունը կարևո՞ր է (ժպտում է՝ հեղ.): Չգիտեմ՝ ինչ նպատակով եք հետաքրքրվում, բայց ասեմ, որ նա ազգությամբ ռուս է: Դերասանուհի է, ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը ( ГИТИС)` Մարկ Զախարովի արվեստանոցը: Նաև նույն համալսարանում ասպիրանտուրան է ավարտել՝ բեմական խոսքի վարպետություն բաժինը: Երկար տարիներ է, որ մենք միասին ենք աշխատում, ու ես կարող եմ ասել, որ նա բարձրակարգ մասնագետ է: Նա խաղում է «Հին թատրոն»-ի ներկայացումներում, վարպետության դասեր է անցկացնում, աշխատում է ինձ հետ՝ հանդես գալով ռեժիսորի օգնականի, լուսային ձևավորողի, պահապան հրեշտակի դերերում (ժպտում է՝ հեղ.): Ներկայացումների համար անիմացիաներ է պատրաստում: Ընդհանրապես, թատրոնում ամեն ինչ կարողանում է անել… Մենք տարեկան 4-5 ներկայացում ենք հանձնում, որոնք բավական լուրջ աշխատանքներ են: Կնոջս առումով իմ բախտը շատ է բերել, միայնակ այդ ամենը չէի կարող անել:
- Ձեր դո՞ւստրն ինչով է զբաղվում:
- Այս տարի նա 9-րդ դասարանն ավարտեց, 15 տարեկան է արդեն: Իր օրվա մեծ մասը թատրոնում է անցկացրել գրեթե ծնված օրվանից, մեծացավ թատրոնների նստարանների տակ խաղալով, մինչ ծնողները փորձեր էին անում: Գուցե հենց այդ պատճառով է, որ չի պատրաստվում թատերական գործունեությամբ զբաղվել: Իր համար թատրոնը պոեզիայից զուրկ է, ուղղակի սովորական առօրյա (ժպտում է՝ հեղ.):