26/07/2018 21:31
Իրեն առաջադրված մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանը համարում է վենդետա թավշյա հեղափոխության, սիրո և համերաշխության կարգախոսի ներքո (Տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից իրեն առաջադրված մեղադրանքին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ այն ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանք է։
«Լայն զանգվածների տրամադրությունը փորձում են տեղափոխել իրավական դաշտ, և ըստ էության, ստացվում է, որ 21,5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է 2008 թվականի ընտրույթունները: Սա իրականությունից շատ-շատ հեռու է, որևէ առնչություն չունի և սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է թավշյա հեղափոխության, սիրո և համերաշխության կարգախոսի ներքո», - նշեց Ռոբերտ Քոչարյանը:
Նա ասաց, որ երբեք չէր մտածի, որ իրականության մեջ հնարավոր է այսպիսի շինծու քրեական գործ հարուցել:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, Aysor.am-ին տեղեկացրել են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: