27/07/2018 15:11
Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն. ՀՀԿ-ն մտահոգություն է հայտնում Քոչարյանի գործի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով, այս մասին ասված է ՀՀԿ Գործադիր մարմնի տարածած հաղորդագրությունում
«Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է։
Ստեղծված իրավիճակը համարում ենք սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և հարված` լիարժեք իրավական պետության կառուցման գործընթացներին։ Քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը։
Արցախյան հիմնախնդրում աներկբա հաստատակամություն ցուցաբերած նախկին գերագույն գլխավոր հրամանատարին և արցախյան ազատամարտի հաղթանակի վճռորոշ դերակատարներից մեկին օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը դիտում ենք որպես Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ առկա մոտեցումներից արմատապես տարբերվող հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ»,- ասված է ՀՀԿ ԳՄ հայտարարությունում: