28/07/2018 11:32
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական խորը իրավիճակ է ստեղծել. Սահմանադրական դատարանի նախկին անդամ
Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում խնդիրներ է տեսնում։
«Քրեական գործի նյութերին ծանոթ չեմ, բայց ես ելնում եմ Սահմանադրական նորմերից. Սահմանադրական նորմի կոպիտ խախտում կա», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Քոչարյանին մեղադրանք առաջադրելու փաստը ասաց Կիմ Բալայանը։
Նա մատնանշեց 2005-ին ընդունված Սահմանադրության 56.1 հոդվածը, որի համաձայն՝ Հանրապետության նախագահն անձեռնմխելի է և Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Բացի այդ, նույն հոդվածի համաձայն, իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո։
«Հանրապետության նախագահը չէր կարող ինքնիրավչություն իրականացնել և կատարել է իր գործառույթները, հետևաբար այս տեսակետից ես տեսնում եմ խորը հակասահմանադրական իրավիճակ», - հավելեց Բալայանը։
ՍԴ նախկին անդամը միաժամանակ նկատեց, որ եթե արդարամտության ցանկություն լիներ, ապա 1996-ի դեպքերի ժամանակ պետք է կիրառվեր այդ նորմը, երբ «Վազգեն Մանուկյանը հավաքել էր 70 և ավելի տոկոս ձայն, սակայն վերագրեցին Լևոն Տեր-Պետրոսյանին»։
«Այդ ժամանակ պետք է հայտարարվեր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանությունը յուրացրել է։ Իսկ 2008-ին 21 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակում ասում էր, որ ինձ պետք է ձեռքերի վրա տանեք նախագահական պալատ։ Ինչո՞ւ ենք մենք մոռանում իրականությունը, թե ինչպես է եղել, ով հրահրեց այդ ժողովրդին։ Ես, իհարկե, շատ եմ ցավում անմեղ տասը զոհերի համար, բայց ինձ թվում է՝ մենք ազգովի պարտք ենք այդ տասը հոգուն, որոնք իրենց կյանքը զոհեցին, որ այսօր խաղաղ իշխանափոխություն տեղի ունենար։ Եթե նրանք չլինեին, այսօր չէր լինի խաղաղ իշխանափոխություն», - ասաց Կիմ Բալայանը։
Հարցին, թե կա՞ իրավական ճանապարհ, կա՞ն հիմքեր 1996 թվականի դեպքերին անդրադառնալու, Բալայանը պատասխանեց. «Ես հիմքեր չեմ տեսնում նաև 2008-ի դեպքերին անդրադառնալու։ Բայց ասում եմ՝ եթե արդարություն կա, ուրեմն արդարությունը պետք է սկսել հենց հիմքից՝ 1996 թվականից»։
Նշենք, որ Հատուկ Քննչական ծառայությունը մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով մեղադրանք էր առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար։ Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Քոչարյանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով։