28/07/2018 15:42
2008-ի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը. Քոչարյանի փաստաբան (Տեսանյութ)
2008-ի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը իրավաչափ է, ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խմբի անդամ, փաստաբան Սարգիս Գրիգորյանը։
«Ուզում եմ հիշեցնել բոլորին, այդ թվում՝ իրավապահ մարմիններին, որ արտակարգ դրությունը, բացի ՀՀ Սահմանադրությամբ սահմանված լինելուց, նաև ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում», - ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ 2008-ի մարտի 1-ի դրությամբ ՀՀ նախագահը ուներ սահմանադրական իրավուքններ և պարտականություններ՝ հայտարարելու արտակարգ դրություն, եթե կային Սահամանդրական կարգին սպառնացող վտանգներ։
Փաստաբանը հիշեցրեց, որ 2008-ին տեղի ունեցած իրադարձությունների շրջանակում ներքին ու արտաքին անվտանգության խնդիրների լուծման նպատակով նախագահը ունեցել է խորհրդակցություններ, նաև տվել է հարցազրույցներ։
«Փետրվարի 23-ին տեղի է ունեցել խորհրդակցություն նախագահի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել է 3 հարց, որոնցից առաջինը եղել է այն, որ բանակը չպետք է խառնվի քաղաքական պրոցեսներին, մյուսը քննարկվել է կարգուկանոնի հարցը, որ բանակը չխառնվի ներքին գործընթացներին ու սահմանների հարցը։ Այսինքն՝ մարտի 1-ին, երբ հայտարարվել է արտակարգ դրություն, մենք ունեցել ենք ներքին ու արտաքին խնդիրներ», - հայտարարեց փաստաբանը։