28/07/2018 12:35
Ռոբերտ Քոչարյանի դեմ պատվեր է իրականացվում. փաստաբան
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին միջնորդության քննարկումները Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ցույց են տվել, որ սա պատվեր է Քոչարյանի դեմ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանը:
«Սա պատվեր է, և պատվերը պետք է կատարվի: Ում կողմից է պատվերը, մտքումս կարող եմ ունենալ, բայց չեմ բարձրաձայնի», - հայտարարեց փաստաբանը:
Նա ներկայացրեց, որ նախաքննական մարմինը պատշաճ ծանուցում չի ներկայացրել Քոչարյանին դատարան ներկայանալու համար, և երբ Քոչարյանը չի ներկայացել, նախաքննական մարմինը նույնիսկ հետախուզում հայտարարելու մասին որոշում է կայացրել:
Արդեն դատարանում, երբ քննվել է միջնորդությունը, Սահակյանի փոխանցմամբ, Քոչարյանը «բավականին հուզիչ ելույթ է ունեցել»:
Կալանավորելու վերաբերյալ որոշման հիմքով հիմնավոր կասկած, ըստ փաստաբանի, չի եղել: Ավելին, ըստ նրա, դատարանը «արտագրել է քննիչի միջնորդության տեքստը»:
Նախաքննական մարմինը կասկածներ է ունեցել, որ Քոչարյանը կխոչընդոտի քննությանը և չի ներկայանա քննչական գործողություններին, իսկ դատարանը ընդունելի է համարել դրանք:
«Նախաքննական մարմինը պատճառաբանում է, թե հարցաքննության ծանուցում Քոչարյանին ուղարկվել է հուլիսի սկզբին, բայց նա չի ներկայացել և հետաձգել է ներկայանալը: Բայց չի նշվում, որ Քոչարյանը աշխատակազմի միջոցով հայտնել է, որ երկրում չէ և կներկայանա հուլիսի 26-ին: Այս աստիճանի խախտումներ իրավապահների կողմից հանդիպեցի առաջին անգամ, այս աստիճանի իրավական անգրագիտություն երբևէ չեմ հանդիպել: Եթե այսպես շարունակվեց, վիճակը ավելի է վատթարանալու», - նկատեց փաստաբանը: