30/07/2018 17:04
Շաքարավազի մեկ կիլոգրամի գինը տարեսկզբից նվազել է 16 տոկոսով. Արտակ Շաբոյան (Տեսանյութ)
Հայաստան շաքարավազ ներմուծող տնտեսվարող ընկերություններն ու շաքարավազի ներկրման խմբաքանակներն էապես ավելացել են, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցած խորհրդակցությանն ասել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նրա զեկուցել է, որ մինչև վերջերս Հայաստանում շաքարավազի հիմնական ապահովողը եղել է մեկ ընկերություն, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծող տնտեսվարող ընկերություններն ու շաքարավազի ներկրման խմբաքանակներն էապես ավելացել են:
«Ոլորտում ստեղծված մրցակցության արդյունքում տեղի է ունենում շաքարավազի գնի նվազում: Ներկա դրությամբ շաքարավազի մեկ կիլոգրամն արժե 285 դրամ՝ տարեսկզբի 390 դրամի համեմատ, այսինքն՝ գինը նվազել է 16 տոկոսով», - ասել է Արտակ Շաբոյանը:
Անդրադառնալով բենզինի և դիզվառելիքի ոլորտին՝ ՏՄՄՊՀ նախագահը տեղեկացրել է, որ այստեղ գործում են 3-4 խոշոր ընկերություններ և ներկա դրությամբ որևէ արգելք չկա ու ցանկացած տնտեսվարող կարող է իրականացնել ներկրում:
Ըստ Արտակ Շաբոյանի, այս ոլորտում շուկա մուտք գործող ընկերությունների համար հիմնական խնդիրը կապված է ենթակառուցվածքների հետ՝ բենզինն ու դիզվառելիքն իրացնելու առումով: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուկայում առկա է նաև թերլցումների խնդիր, ինչն առաջացնում է մրցակցային անհավասար պայմաններ, խնդիրներ կան նաև դիզվառելիքի ստանդարտների հետ կապված:
Անդրադառնալով բանանի շուկային՝ ՏՄՊՊՀ նախագահն ընդգծել է, որ մինչև վերջերս շուկայի 90 տոկոսը պատկանում էր մեկ ընկերության և նրան կապակցված ընկերություններին:
«Վերջին երկու ամիսների ընթացքում էապես ավելացել է նաև բանան ներմուծող ընկերությունների և ներմուծման խմբաքանակների թիվը: Արդյունքում՝ բանանի գինը մեր երկրում նվազել է առնվազն երկու անգամ և այսօր այն կազմում է 480 դրամ», - ասել է Արտակ Շաբոյանը` նշելով, որ ՏՄՊՊՀ-ն շարունակելու է այս ոլորտում ուսումնասիրությունները՝ հնարավոր հակամրցակցային գործողությունները վեր հանելու նպատակով:
Արտակ Շաբոյանը մանրամասներ է ներկայացրել նաև խոշոր սուպերմարկետների, ԱԳԼՃԿ-ների գործունեության մասին, անդրադարձել առկա հակամրցակցային իրավիճակին և այս ոլորտներում առկա խնդիրներին:
Որոշ խնդիրների, այդ թվում՝ բենզալցակայաններում և ԱԳԼՃԿ-ներում թերլցումների հետ կապված կարևորվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից համապատասխան քայլերի իրականացումը: