31/07/2018 12:53
Հայաստանը դիմել է Կասպրշիկի գրասենյակ` սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի դիտարկում անցկացնելու առաջարկով
Հայաստանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակ` հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի դիտարկում անցկացնելու առաջարկությամբ:
«Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո, հայկական կողմը պարբերաբար դիմել է դեսպան Կասպրշիկի գրասենյակին՝ նման դիտարկում անցկացնելու առաջարկությամբ, սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտարկման կազմակերպմանը», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նա ընդգծեց` նման դիտարկումը կարող է ծառայել որպես զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ:
«Հայկական կողմը շարունակում է բանակցությունները գրասենյակի հետ այդ առնչությամբ», - ասաց Տիգրան Բալայանը: