31/07/2018 13:34
Հայ ծանրորդները պատանիների և աղջիկների Եվրոպայի առաջնությունում 24 մեդալ են նվաճել
Իտալիայի Միլան քաղաքում հուլիսի 21-ից 29-ը անցկացված ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները առանձին վարժություններով նվաճել են 24 մեդալ՝ 17 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե:
Երկամարտի արդյունքներով հայ մարզիկները նվաճել են 6 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Եվրոպայի չեմպիոններ են դարձել՝ 50 կգ քաշային Գոռ Սահակյանը, 77 կգ քաշայիններ Հարություն Գրիգորյանը (մինչև 15 տարեկաններ) և Կարեն Մարգարյանը (մինչև 17 տարեկաններ), 85 կգ քաշային Գարիկ Կարապետյանը, 69 կգ քաշային Լիաննա Գյուրջյանը և 75 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը:
69 կգ քաշային Մնացական Աբրահամյանը դարձել է առաջնության փոխչեմպիոն, իսկ նույն՝ 69 կգ քաշային կարգում հանդես եկող Միլենա Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Ծանրամարտի Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մրցավայր էր մեկնել ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ: