31/07/2018 11:01
Հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում. Էդուարդ Շարմազանով
Վերջին զարգացումներՆ ու Ռուսաստանի ու Հայաստանի ԱԳՆ-ների հրապարակային հայտարարություններն ու փոքրիկ փոխհրաձգությունն ակնհայտ են դարձնում, որ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Նույնը վերաբերում է նաև ՀՀ-ՀԱՊԿ հարաբերություններին: Մենք Ռուսաստանի հետ դաշնակից ենք նախևառաջ մեր պետական շահը սպասարկելու առաջնահերթությունից ելնելով», - նշեց նա։
Է. Շարմազանովի խոսքով՝ այսօր, ավելի քան երբևէ, պետք է զգոն լինել ու գիտակցել, որ ՀԱՊԿ-ը մեզ համար այլընտրանք չունի:
«Ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ որևէ այլ ձևաչափ չեն կարող արդյունավետ փոխարինել ՀԱՊԿ-ին: Անվտանգություն ու Արցախի խնդրի հայանպաստ լուծում. սա է մեր գլխավոր մարտահրավերը: Ինչպես կասեր Ջոն Ֆ. Քենեդին, եթե ներքաղաքական սխալների պատճառով մենք պարտվում ենք ընտրությունները, ապա արտաքին քաղաքական սխալները պետությանը կարող են տանել դեպի անդունդ», - ասաց նա։
ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ ժամանակն է գիտակցել ամենաառաջնայինը։
«Իսկ որն է ՀՀ-ի համար ամենաառաջնայինը՝ դա արտաքին անվտանգության մարտահրավերն է, իսկ սպառնալիքը՝ Թուրքիան ու Ադրբեջանը: Հերիք է մենք մեր մեջ ներքին թշնամի փնտրենք: Հերիք է բաժանվենք բոլշևիկի ու դաշնակցականի, ՀՀՇ-ականի ու ԱԺՄ-ականի, հանրապետականի ու նիկոլականի: Հերիք է: Հայրենիքը բոլորինս է: Ամեն ինչը թողեք պատմությանը, այն բոլորին կհատկացնի իր տեղը: Եթե իհարկե հիշի», - հավելեց Է. Շարմազանովը։