Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին, գրել է. «Որքանով հասկացա, հակառուսական ցույց է նախապատրաստվում (...)»:
Քաղաքագետը նշել է նաև, թե քաղաքականությունը դաշնակիցներ ձեռք բերելու արվեստ է, «ինչը չի նշանակում վիզ ծռել սրա ու նրա առջև: Առաջին մասը մոռացել են, միայն երկրորդ մասի վրա են կենտրոնացել, այնինչ դրանք միասին պետք է իրականացվեն: Հիմա թշնամիներ ձեռք բերելու ժամանակներն են, որքան հասկանում եմ», - գրել է քաղաքագետը։
Aysor.am-ի հետ զրույցում Ստեփան Դանիելյանն ասաց, թե այս ենթադրությունն անելու համար հիմք է հանդիսացել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկ արած հայտարարությունը։
«Դրանից հետո՝ օգոստոսին 17-ին հանրահավաք անելու հայտարարությունը հանրության մի մասն ընկալում է որպես Ռուսաստանի դեմ ակցիա, ինչից եզրակացնում եմ, որ անկախ ամեն ինչից, դա իր դերն ունենալու է։ Հատկապես ֆեյսբուքյան կոչերում կամ մամուլի քննարկումներում հիմնական թեման դա է և դա է կապվում այդ հանրահավաքի հետ։ Այսինքն՝ բոլոր դեպքերում, այդ ֆոնը գոյություն ունի», - ասաց Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով՝ քանի որ ներքաղաքական հիմնական իրադարձությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն է և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ զարգացումները, ինչը ռուսական կողմը որպես վիրավորանք է ընկալել ընթացակարգի առումով, և քանի որ այլ քաղաքական օրակարգ գործող կառավարությունը, կարծես թե, չունի, քաղաքագետը դրանից ենթադրություն է անում, որ հիմնական թեման դա է լինելու.
«Դրա հետ շաղկապվելու է նաև Արցախի խնդիրը, հաշվի առնելով նաև ՀԱԿ-ի ակտիվությունն Արցախի հարցով, ապա ենթադրում եմ, որ օրակարգում առաջին տեղ է դուրս գալու Ռուսաստանի հետ հարաբերությունները»։
Հարցին, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, Ստեփան Դանիելյանն արձագանքեց. «Հայաստանի իրավիճակը հաշվի առնելով, ամեն ինչն էլ Հայաստանի համար կարող է վտանգ ներկայացնել։ Դա չի նշանակում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է լինեն սուվերեն-վասալային։ Եվ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր հայտարարություններ էր արել՝ նշելով, թե բանակցելու է միայն Հայաստանի ժողովրդի անունից, իսկ Արցախի անունից կարող է Արցախը բանակցել, ինչպես նաև նման մի քանի հարցերում բավականին կոշտ դիրք էր գրավել, ողջունում եմ այդ միտքը, և կարծում եմ, որ ի տարբերություն նախկին իշխանությունների, սա ավելի ճիշտ և սուվերեն քաղաքականություն է և իր արդյունքներն ունենալու է», - նշեց Դանիելյանը։
Սակայն, հաջորդ քայլերը, հատկապես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցով «նման հապճեպ գործողությունները», քաղաքագետի համար անհասկանալի են։ Նա կարծում է՝ կարելի էր Յուրի Խաչատուրովին հետ կանչել, նոր միայն քննչական գործողություններ սկսել։
Սա, իր խոսքով, արդեն, խնդրահարույց է և հնարավոր է որոշակի հետևանքներ ունենալ.
«Հնարավոր է սահմանային լարվածություն լինի, կարող է նաև որոշակի տնտեսական եթե ոչ սանկցիաներ, ապա օրինակ, Լարսի ճանապարհի փակում և նման գործողություններ իրականացվեն, որոնք ուղղակիորեն չեն հայտարարվի որպես Հայաստանի դեմ, բայց իրենց ազդեցությունը կունենան նաև հանրային տրամադրությունների վրա՝ սկզբնական փուլում Ռուսաստանի դեմ, հաջորդ փուլում՝ կառավարության»։
Անկախ ամեն ինչից՝ քաղաքագետը ողջունում է Ռուսաստանի հետ սուվերեն դիրքերից քաղաքականություն վարելը։
«Այդուհանդերձ, ինձ հետաքրքրում է՝ այս ամենն անելով գործող կառավարությունն ունի՞ պլան, թե՞ պլան չունի։ Ես այդ պլանը չեմ տեսնում ո՛չ ներքին քաղաքականությունում, ո՛չ՝ արտաքին»։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: