01/08/2018 15:38
Փաստաբանները բողոքարկել են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբաններն այսօր դիմել են Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կալանավորելու վերաբերյալ, Aysor.am-ին տեղեկացրեց փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Հարցին, թե ի՞նչ է ներկայացվել վերաքննիչ բողոքի հիմքում, Արամ Օրբելյանը հրաժարվեց մանրամասնել, նշելով միայն, որ բողոքարկումն արվել է մի քանի կետերով։
«Մամուլի ասուլիսի ժամանակ ասել ենք, բայց մնացած դետալները, ինչ պետք է ասեմ կալանքի որոշման հետ կապված, չեմ կարող մանրամասն ներկայացնել։ Մի շարք կետերով է կատարվել բողոքարկումը՝ սկսած ընթացակարգային ենթադրյալ խախտումներից, ավարտված անձեռնմխելիությամբ ու կալանավորմամբ», - ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ մինչև տասն օրվա ընթացքում հայտնի կլինի դատարանի որոշումը վերաքննիչ բողոքի վերաբերյալ։
Նշենք, որ Քոչարյանին բողոքարկելու մտադրության մասին փաստաբանները հայտնել էին դեռևս հուլիսի 28-ին կայացած ասուլիսում։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահին մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008-ի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։
Քոչարյանը ՀՔԾ հրավիրվել էր վկայի կարգավիճակով, սակայն, ինչպես նա հայտարարեց իր հարցազրույցում, ՀՔԾ-ում արդեն իրեն ասել են, որ այս գործով մեղադրյալ է։ Այնուհետև ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2-րդ նախագահին կալանավորելու մասին, ինչը բավարարվեց դատարանի կողմից։
Նշենք, որ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի հետ միասին նույն հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանի նկատմամբ։