01/08/2018 11:45
Ամեն բան անում ենք, որ հենց «Ելք» դաշինքով մասնակցենք ավագանու ընտրություններին. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, որը սպասվում է սեպտեմբերին, Aysor.am-ին տեղեկացրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Մենք մասնակցելու ենք Երևանի ավագանու ընտրություններին, սակայն թե ինչ ֆորմատով, առաջիկայում կտեղեկացնենք», - հավելեց պատգամավորը։
Հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ արդյոք քննարկում են դաշինքով միանալու հնարավորությունը, Մարուքյանը պատասխանեց. «Մենք ամեն բան անում ենք, որ հենց «Ելք» դաշինքով մասնակցենք ընտրություններին»։
Նշենք, որ այս պահին պաշտոնապես հայտնի է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի անունը, որ դերասան Հայկ Մարությանն է։ ՔՊ-ն, սակայն, դեռ չի հայտարարել՝ արդյոք իրենք միայնակ են գնում ընտրություններին, թե՝ դաշինքով։ ՔՊ-ն ԱԺ-ում ներկայացնող պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը չպատասխանեցին մեր զանգերին։
Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշեց միայնակ մասնակցել արտահերթ ընտրություններին, ապա, մեր տեղեկություններով, «Լուսավոր Հայաստան» և Հանրապետություն կուսակցությունները ընտրություններին կմասնակցեն երկուսով և նրանց միասնական թեկնածուն կլինի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։