03/08/2018 12:25
Հայկական ատոմակայանը միացված է երկրի էներգահամակարգին
Ծրագրված աշխատանքներն իրականացնելուց հետո 2018 թ.-ի հուլիսի 31-ին, ժամը 09:58-ին ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկի չորրորդ տուրբոգեներատորը միացվեց Հայաստանի Հանրապետության էներգահամակարգին։
4-րդ տուրբոգեներատորի գործարկումը իրականացվել է բոլոր տեխնիկական պահանջներին համապատասխան: Ներկայում ՀԱԷԿ-ը երկրի էներգահամակարգին մատակարարում է 210-215MVt հզորությամբ էլեկտրաէներգիա։ 4-րդ տուրբոգեներատորի աշխատանքը դադարեցվել էր ապրիլի 14-ին՝ մասնակի արդիականացման, կոնդենսատորների և սեպարատորների փոփոխման համար։
Աշխատանքներն իրականացվում են ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի կյանքի երկարաձգման ծրագրի շրջանակում, որի հիմնական խնդիրներից են՝ 10 տարով կայանքի աշխատանքի երկարաձգումը և պաշարների վերականգնումը, անվտանգության մակարդակի ու ատոմակայանի արդյունավետության բարձրացումը:
ՀԱԷԿ սարքավորումների արդիականացման և պլանային-նախազգուշական նորոգման աշխատանքների գլխավոր կապալառուն «Ռոսատոմ Ծառայություն» մասնագիտացված ընկերություն է, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ դիվիզիոնի մաս է կազմում։ Հայկական ատոմակայանը միակն է տարածաշրջանում, և գտնվում է Մեծամոր քաղաքի մերձակայքում: ՀԱԷԿ-ում արտադրվում է Հայաստանի էլեկտրաէներգիայի 1/3-ից ավելին։ Կայանի աշխատանքը Հայաստանի բնակչությանն ու ձեռնարկություններին ապահովում է մշտական էներգամատակարարմամբ: