04/08/2018 09:43
Երևանի ավագանու ընտրություններում իրար բզկտելու, սև PR–ի պակաս չի լինի. «Փաստ»
Այս պահի դրությամբ արդեն իսկ հայտնի է հինգ քաղաքական ուժ, որոնք կմասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններ, ՀՀՇ–ն, Սոցիալ–դեմոկրատական հնչակյան կուսակցությունը և, կարծես թե, նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը հայտարարել է, թե իր առաջին համարի անունը կհրապարակի եկող շաբաթվա ընթացքում: Սա ինքնին նշանակում է, որ Երևանի ընտրողները բավական «երկարաշունչ» քվեաթերթիկ կստանան, քանզի նման տեմպերը թույլ են տալիս ենթադրել, որ մասնակից քաղաքական ուժերի թիվն, ամենայն հավանականությամբ, բավական «պատկառելի» կլինի, որոշ դիտարկումներով՝ նույնիսկ տասից ավելի: Նման կանխատեսումը հիմքից զուրկ չէ, քանզի կան ուժեր, որոնք, հազիվ թե, զերծ մնան ընտրություններին ինքնադրսևորվելու և, ինչու չէ, ևս մեկ անգամ իրենց հնարավորությունները ստուգատեսի հանելու գայթակղությունից: Այս մաին գրել է «Փաստ»-ը:
«Օրինակ, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ինչու չէ՝ գուցե ՕԵԿ–ը, «Ելքից» մնացած ուժերը, եթե ՔՊ–ն միայնակ գնա, ինչը շատ ավելի հավանական է, դեռևս պարզ չէ ՀՀԿ–ի կարգավիճակը, թեպետ շատ ավելի հավանական է, որ այս կուսակցությունն ուղղակի չի մասնակցի ընտրություններին՝ ի շահ հենց իրեն, «Ժառանգությունը» և այլն: Չմոռանանք, որ ստեղծվել ու շարունակում են ստեղծվել նոր կուսակցություններ, որոնք ևս կարող են մասնակցել «փորձաշրջանին»: Իսկ սա արդեն նշանակում է, որ չենք ունենա նաև ծրագրերի, իրար բզկտելու, սև PR–ի պակաս: Մի խոսքով, ուրախ օգոստոսավերջ ու սեպտեմբերասկիզբ է մեզ սպասում...», - հավելել է թերթը: