04/08/2018 14:18
Մայա Աֆրիկյանը և Լիլիանա Դարբինյանը Ղրիմում դարձել են դափնեկիրներ
Օպերային երգչուհի, երգահան, «Звезда Крыма» միջազգային մրցույթի դափնեկիր Մայա Աֆրիկյանը և նույն մրցույթի դափնեկիր, դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը Ղրիմում մասնակցել են «Крымская Арена» խորագիրը կրող միջազգային բազմաժանր մրցույթ-փառատոնին: Իրադարձությունն անցկացվել է Ալուշտա քաղաքում, մասնակցել են արտիստներ տարբեր երկրներից:
Մայա Աֆրիկյանը մասնակցել է երկու անվանակարգում՝ ներկայացնելով երկու հեղինակային ստեղծագործություն՝ «Стихия» (խոսք՝ Կորյուն Առաքելյանի) և «Ода Севастополю» (խոսք՝Սվետլանա Հովսեփյանի) գործերը։
«Стихия» երգի համար Աֆրիկյանն արժանացել է առաջին կարգի դափնեկրի դիպլոմի՝ «Հեղինակային երգ» անվանակարգում, իսկ «Ода Севастополю» երգի համար՝ երկրորդ կարգի դափնեկրի դիպլոմի՝ «Հայրենասիրական երգ» անվանակարգում։
Մրցույթի ամբողջ ընթացքում Լիլիանա Դարբինյանը նվագակցում էր Մայա Աֆրիկյանին: Ի դեպ, Դարբինյանը «Գործիքային երաժշտություն» անվանակարգում արժանացել է առաջին կարգի դափնեկրի կոչման։
Տեղեկացնենք, որ Մայա Աֆրիկյանը 2003 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը: Մի շարք համերգներով հանդես է եկել Երևանում, Արցախում, արտերկրում: 2017 թ. Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնին Մայա Աֆրիկյանն արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվագակարգում, ինչպես նաև ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում: