07/08/2018 14:56
Արցախի մի խումբ պատգամավորներ միջնորդություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար:
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում»,- Facebook-յան իր էջում գրել է Արցախի Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է։
Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ «Սահմանադրական կարգը բռնի տապալելը»։
ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2-րդ նախագահին կալանավորելու մասին, ինչը բավարարվել էր դատարանի կողմից։
Նրա փաստաբանները, սակայն, բողոքարկել են կալանավորելու մասին որոշումը։