09/08/2018 13:07
Կա վարկած, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենքից, թիկնազորի անդամների կողմից կրակվել է մարտի 1-2-ին. ԱԱԾ տնօրեն
Նախնական օպերատիվ տվյալներով, կա վարկած, որ փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենքերից է կրակվել 2008-ի մարտի 1-ին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Մեր օպերատիվ աշխատանքի արդյունքում ստացվել են օպերատիվ տվյալներ, որ թաքցված են զենքեր, որոնք, հնարավոր է, առնչություն ունեն մարտի 1-ին կիրառված զենքերի հետ։ Դա վարկած է, որը պետք է ստուգվի», -հայտարարեց Վանեցյանը՝ ընդգծելով, որ նշանակված է դատաձգաբանական փորձաքննություն։
Հարցին, թե ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը առնչություն ունի՞ մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ հնչած կրակոցների հետ կամ նրա հրահանգով են կրակվել այդ զենքերից, Վանեցյանը պատասխանեց.
«Ես նման մանրուքների մասին այս պահին չեմ կարող ձեզ ասել։ Կարող եմ միայն ասել, որ մենք հայտնաբերել ենք զենքեր, որոնք մեր օպերատիվ տվյալների համաձայն, հնարավոր է, օգտագործվել են մարտի 1-2-ի դեպքերին։ Եվ դրանք օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում»։
Դիտարկմանը, թե եղել են թիկնազորների անդամներ, Վանեցյանը կարճ պատասխանեց. «Այո»։