09/08/2018 11:04
Անահիտ Թարխանյանն առաջադրվում է Երևանի ավագանու ընտրություններում
Առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում, որոնց արդյունքներով պետք է քաղաքապետ ընտրվի, առաջադրվում է նաև ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որը քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի կինն է։
Թարխանյանն առաջադրվում է «Երևանի հանրություն» նախաձեռնության և «ԳԱԼԱ» կուսակցության կողմից։
«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը՝ ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և երևանցիների սպասումները և վստահությունը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Թարխանյանը:
Այսպիսով, Երևանի ավագանու ընտրություններում Թարխանյանը երրորդ կին թեկնածուն է, որը պաշտոնապես հայտարարվում է առաջադրվելու մասին։ Նրա հետ միասին քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Նաիրա Զոհրաբյանը և «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրում է դերասան Հայկ Մարությանի թեկնածությունը։ Սպասվում է, որ ընտրությունները կկայանան սեպտեմբերին։