10/08/2018 13:34
Եթե մեկը քաղցած է, իրեն ավելի լավ է ոչ թե ձուկ տալ, այլ՝ օգնել ինքնուրույն ձուկ բռնել. ձուկ տալու ժամանակը Հայաստանում անցել է. Վարչապետ
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշ մարզ։
Բերդ քաղաքում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կոչ արեց բարեգործության տրամաբանությունը փոխել աշխատանքի տրամաբանությամբ։
«Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդն ուզում է աշխատի ու արդյունք ստեղծի, մեր ժողովուրդն օգնություն խնդրող ժողովուրդ չէ», -ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը պետք է աջակցի ժողովրդին ամեն ինչով։
«Մի հայտնի արտահայտություն կա, որ եթե մեկը քաղցած է, իրեն ավելի լավ է ոչ թե ձուկ տալ, այլ՝ օգնել, որ ինքը կարողանա ինքնուրույն ձուկ բռնել», - ասաց նա։
Վարչապետը շեշտեց՝ ձուկ տալու ժամանակը Հայաստանում անցել է։
«Մենք խոնարհվում ենք Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի, աշխարհի բոլոր հայ գործարարների, բարեգործների առաջ, բայց սա ուրիշ Հայաստան է, սա մի Հայաստան է, որտեղ ապրում է հզոր, հպարտ, արժանապատիվ քաղաքացի, որտեղ չկան սահմանափակումներ», - ասաց Ն. Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը հիշեց իր ընդդիմադիր ժամանակները՝ նշելով. «Էն ընդդիմադիր ժամանակներում ասում էի՝ եկեք մեր շուրջը նայենք, պարզ է, հիմա եկել եմ ՝ մաքրել են, «պիլասոս» են արել, բայց էն ժամանակ, որ գնում էի, հո չէի՞ն մաքրում, երևի կողքից իշխանությունները բան-ման էին բերում լցնում»։
Նիկոլ Փաշինյանը ընդգծեց՝ «ասում էի եկեք նայենք՝ որտեղ ենք կանգնած, կանգնած ենք մի տեղում, որտեղ չորս կողմը աղբ է, ա. արդյոք կառավարությունն է այդ աղբը թափել, բ. կառավարությունն, այո, պետք է ապահովի, որ աղբը հավաքեն, հիմա էս գյուղում կա՞ մեկը, որ կարող է կռանալ ու էդ աղբը վերցնե՞լ, թե՞ ամոթ է»:
ՀՀ վարչապետն ասաց, որ ինքը կկռանա ու կվերցնի, քանի որ իր ողջ կյանքում չի հանդուրժել աղբով շրջապատված լինելը։
«Քաղաքական, թե ոչ քաղաքական՝ իրական», - ընդգծեց նա։