10/08/2018 12:11
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիկների և մարզիչների հետ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիկների և մարզիչների հետ, տեղեկացնում են ՀԱՕԿ լրատվական ծառայությունից:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, նախարարի տեղակալներ Գաբրիել Ղազարյանը և Սարգիս Ավագյանը, ինչպես նաև աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը:
Նախարար Վահրադյանը միացել է Գագիկ Ծառուկյանի` Հռոմում կայացած ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճած մեդալների կապակցությամբ հայ մարզիկներին ուղղված շնորհավորանքներին և շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ-ի նախագահին՝ ինչպես ըմբշամարտին, այնպես էլ մյուս մարզաձևերին մշտապես աջակցելու, մարզիկներին ոգևորելու և մարզական ձեռքբերումները գնահատելու համար:
Հիշեցնենք, որ 2018 թվականի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականները թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը:
Եվրոպայի չեմպիոններ են դարձել ազատ ոճայիններ՝ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը, 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը և հունա-հռոմեական ըմբիշ, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել ազատ ոճայիններ՝ 65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու 70 կգ քաշային Արման Անդրիասյանը, ինչպես նաև հունա-հռոմեական ըմբիշներ՝ 60 կգ քաշային Արարատ Մանուչարյանը, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, 77 կգ քաշային Վահե Պողոսյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը: