13/08/2018 11:00
Հարկային մարմինը՝ պատժիչ ջոկատ. Արտաշատում բողոքի ակցիա են անում փոքր բիզնեսի ներկայացուցիչները
Արտաշատում փոքր բիզնեսի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում։ Արտաշատի վաճառականները փակել են խանութների 90 տոկոսը՝ դժգոհելով Արտաշատի հարկային տեսչության կողմից իրականացվող «տեռորից»։
«Ճնշումը շատ մեծ է, ստուգումներն իրականացնում են ոչ պատշաճ. Գալիս են ՀԴՄ-ների համար, ստուգում են աշխատուժը, երբ ասում ես՝ ցույց տուր աշխատուժի մասին հանձնարարականը, իրենք ասում են մեզ մոտ չի։ Հաջորդ օրը կանչում են հարկային տեսչություն, տալիս են հանձնարարականը ու ասում՝ գրի ստացա էսինչ օրը։ Ես գրում եմ այն ամսաթվով, որ ամսաթվով մենք հանձնարարականը ստացել ենք։ Գանձումների պետ Մախմուդյան Ռաշիդն էլ նայում է, տեսնում է դուրը չի գալիս, որ ես այլ ամսաթվով եմ ստորագրել, պատռում են ու ինձ ծանուցում են փոստով, որ ես հրաժարվել եմ ստորագրել աշխատուժի մասին հանձնարարականը։ Սա տեռոր չի, բա ի՞նչ ա», -լրագրողների հետ զրույցում ասաց մարզի փոքր բիզնեսի ներկայացուցիչներից մեկը։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ նկատեց, որ իրենք պահանջում են Ռաշիդ Մախմուդյանի հարժարականը՝ նշելով, որ «հարկային մարմինը Մախմուդյան Ռաշիդը սարքել է պատժիչ ջոկատ»։
«Նայեք, ըստ օրենքի շրջանառության հարկը շեմ ունի և եթե այդ շեմը անցար, ընկնում ես ավելացած արժեքի հարկի տակ, իսկ եթե ՀԴՄ չխփես, տուգանում են, իսկ եթե խփես, օրենքով չես կարողանում աշխատել։ Շրջանառության հարկով աշխատող խանութների 100 տոկոսը չեն կարողանում շրջանառության հարկով օրենքով աշխատել, որովհետև այնպիսի շեմեր են դրել, չենք կարողանում ՀԴՄ կտրոնները 100 տոկոս խփել, ստեղ բոլորը կարող են հաստատել։ Ընենց է ստացվել, որ մանր-միջին բիզնեսի հաշվին բյուջե են լցնում», -հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նկատելով, որ հարկային օրենսդրությունը պետք է փոխել։
Նրա խոսքով՝ հարկային տեսչության աշխատողների մեծ մասը «անգրագետներ են, անհամատեղելի են իրենց աշխատանքի հետ, վզները հաստացրել, նստել են»։
Ակցիայի մասնակցի առաջարկն է. «Մանր-միջին բիզնեսին հանգիստ թողեք, որ կարողանան շնչեն էս մարդիկ»։
Ակցիայի մասնակիցներն ասում են, որ այս ակցիան նախազգուշական է, փակելու են Արտաշատի կենտրոնական փողոցը, եթե պետք լինի, մայրուղին էլ կփակեն. «Թող Արտաշատը օրինակ լինի, մյուս վայրերում էլ ոտքի կանգնեն»։