13/08/2018 10:00
Հետևողական աշխատելու ենք, որ հաջորդ տարի ունենանք գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ. Արարատ Միրզոյան
Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը օգոստոսի 12-ին այցելել է Արմավիրի մարզ, եղել այն գյուղերում, որտեղ կարկտահարության հետևանքով գյուղացիները զգալի վնասներ են կրել։
Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այցելեցինք Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մրգաշատ, Ալաշկերտ և այլ համայնքներ, որտեղ երկու օր առաջ կարկուտն ու փոթորիկը մեծ վնասներ էին հասցրել բերքին և ենթակառուցվածքներին։
Վստահ ենք, որ կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին այս աղետի հետևանքների մեղմման գործում։ Վաղվանից կսկսվեն վնասի գնահատման աշխատանքները, որից հետո կառավարությունը կքննարկի գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցության չափը։
Միաժամանակ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, և մենք հետևողականորեն աշխատելու ենք, որ արդեն հաջորդ տարի ունենանք գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ, գործուն հակակարկտային կայաններ, տարածում գտնեն հակակարկտային ցանցերը»։
Լուսանկարները՝ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից։