13/08/2018 18:42
Ինձ համար սկզբունք է՝ ամեն տարի որևէ հաջողություն գրանցել իմ կյանքում. դերասան Գարիկ Սեփխանյանը դարձավ 35 տարեկան
Դերասան Գարիկ Սեփխանյանը, կամ, ինչպես շատերն են նրան ճանաչում՝ «Ֆուլ հաուս»-ի Ռուբոն, այսօր նշում է ծննդյան 35-րդ տարեդարձը: Aysor.am-ի հետ զրույցում հոբելյարը նկատեց՝ տոնական օրվա մեկնարկը սկսել է ընտանեկան միջավայրում, երեկոն էլ կանցկացնի ընկերների հետ:
«Գիշերը հարազատներիս հետ եմ նշել՝ իմ հայրական ընտանիքում: Փոքրիկ միջոցառում էին կազմակերպել գիշերը, ես դրսում էի, ու տևական ժամանակ ինձ ներս չէին թողնում: Տորթ էին գնել, հրավառություն էին անում, ինչից ավելի շատ երեխաներն էին ուրախացել: Առավոտյան էլ աշխատանքի եմ եղել, իսկ երեկոյան պատրաստվում եմ հետաքրքիր որևէ վայրում ընկերներիս հետ ուրախանալ: Ինքս բնության սիրահար եմ, սակայն պահն է թելադրում՝ որտեղ ու ինչպես անցկացնել», - նշեց մեր զրուցակիցը:
35-ամյա հոբելյարը խոստովանում է՝ տարիքը չի վախեցնում, սակայն խորհելու առիթ է տալիս:
«Անկեղծ ասած՝ երբ բոլորեցի երրորդ տասնամյակս ու երկուսը փոխվեց երեքի, այդ ժամանակ էր մի քիչ անսովոր, կարելի է ասել՝ սթրես եմ տարել: Հիմա էլ այնպես չի, որ այդ թվերը չեն մտահոգում, բայց, այնուամենայնիվ, շատ չեմ անհանգստանում», - ժպիտով ընդգծեց նա:
Հարցին՝ ծննդյան ընդառաջ վերլուծե՞լ է այս տարիների ձեռքբերումներն ու բացթողումները, ի՞նչ սպասելիքներ ունի 35-ից, պատասխանեց.
«Ապրածս տարիներն ու օրերը վերլուծելու համար ես չեմ սպասում ծննդյանս օրվան, ամեն օր եմ վերլուծում: Գիտեք, ինձ համար սկզբունք է՝ ամեն տարի որևէ հաջողություն գրանցել իմ կյանքում՝ լինի դա նյութական, թե այլ: Կարևորը մի քայլ առաջ անելն է: Ինչ վերաբերում է այս տարվան՝ երազանքներիս մասին չեմ բարձրաձայնում, բայց կասեմ, որ շատ կցանկանամ 35 տարեկանում գործնական ձեռքբերում ունենալ»:
Ինքն իրեն ու բոլորին Գարիկ Սեփխանյանը միայն մեկ մաղթանք է հղում՝ առողջություն: Նկատում է՝ դա թող լինի, մնացած ամեն բան գումարով էլ կգնենք:
Aysor.am-ը ևս շնորհավորում է դերասանին՝ մաղթելով առողջություն, գործնական ու անձնական հաջողություններ: