16/08/2018 13:20
Հույս ունեմ՝ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ. Սասուն Խաչատրյան (Տեսանյութ)
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հույս ունի, որ Գլխավոր դատախազությունը բողոք կներկայացնի Վճռաբեկ դատարան, և մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կկալանավորվի։
«Ես հուսով եմ՝ գլխավոր դատախազությունը կբերի վճռաբեկ բողոք, և Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությանը», - այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՔԾ պետը։
Հարցին, թե Քոչարյանը կարո՞ղ է լքել երկիրը, Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե նա կլքի երկիրը։ Այս պահին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, բայց եթե Ռոբերտ Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությունը խոչընդոտելու փորձ, վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ և կկիրառվի խափանման միջոց»։
Նշենք, որ մարտի 1-ի գործով մեղադրյալներ են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Նրանք բոլորն էլ մեղադրվում են 2008-ին մի քանի անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։