16/08/2018 13:17
Ես պատրաստ եմ առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում. Արթուր Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է առաջադրվել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։
«Ես պատրաստ եմ առաջադրվել», - այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրենը։
Այդուհանդերձ, ըստ Վանեցյանի, պետք է սպասել, երբ պաշտոնապես կհայտարարվի ՀՖՖ նախագահի նոր ընտրությունների մասին և ֆուտբոլային ակումբները կառաջադրեն թեկնածուներին։
«Ֆուտբոլային բարձրագույն լիգայի ինը թիմեր միաձայն առաջարկել ու պաշտպանել են իմ թեկնածությունը և առաջիկայում Ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահը, գործկոմը նիստ կհրավիրեն, կհայտարարեն նոր ընտրությունների մասին և այդ ժամանակ կարծում եմ, կառաջադրվեմ», - ասաց Վանեցյանը։
Հարցին, թե չի՞ խանգարի ՀՖՖ նախագահի աշխատանքը ԱԱԾ տնօրենի աշխատանքին, Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե կխանգարի։ Ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքն իրականացնելու են ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչները։ Ես նաև շատ ակտիվ մասնակցություն եմ ունենալու, նաև կարծում եմ՝ ներկայիս իրավիճակում իմ ընտրվելու դեպքում բավականին օգուտ կտամ ֆուտբոլին»։
Նա վստահեցրեց նաև, որ իր ընտրվելու դեպքում պայմանավորված խաղերը բացառվելու են։