17/08/2018 13:13
Տնտեսական քաղաքականություն գոյություն չունի, ինչպե՞ս գնահատեմ կառավարության 100 օրը. Վարդան Բոստանջյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, որը պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո պատրաստվում է համալսարանում շարունակել դասախոսական գործունեությունը, Հայաստանում տնտեսական քաղաքականություն չի տեսնում և այդ մասով դժվարանում է գնահատել նոր կառավարության 100-օրյա գործունեությունը։
Նախ, ըստ տնտեսագետի, Հայաստանում գնաճ կա, որը մեծ ազդեցություն ունի ցածր եկամուտ ունեցող խավի վրա։ «Նրանց համար արդեն իսկ դժվարություններ է ստեղծում նույնիսկ փոքր գնաճը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բոստանջյանը։
Ինչ վերաբերում է երկրում նոր կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությանը, Բոստանջյանն ասաց, որ տնտեսական քաղաքականություն գրեթե չկա։
«Կառավարությունը երևի թե փորձեր կանի, որ տնտեսության մեջ գոնե աշխուժացում մտցնի։ Բայց այս պահի դրությամբ հստակ չի երևում, թե տնտեսական մեր քաղաքականությունը ինչ ուղղությամբ է գնալու։ Տնտեսությունից հասկացող որևէ մեկին որ հարցնեք՝ երևելի բան նկատվո՞ւմ է, թե՞ ոչ, կպատասխանեն՝ ոչ», - նշեց տնտեսագետը։
Տնտեսական զարգացում, նրա խոսքով, նշանակում է աշխատատեղերի, եկամուտների առկայություն, փոքր ու միջին բիզնեսի զարգացում, իսկ այս պահի դրությամբ այդ խնդիրների լուծման առումով որևէ գործողություն չի կատարվում։
Դիտարկմանը, թե կառավարության ներկայացուցիչները բարձրաձայնում են մեծամասշտաբ ներդրումների մասին, տնտեսագետը արձագանքեց. «Ներդրումները տնտեսական զարգացման մեջ շատ կարևոր են։ Դրանք պահանջվում են կանոնակարգված, հստակ մոտեցումներ, բառակապակցություններով, բառերով հնարավոր չէ ներդրումներ բերել։ Ժամանակը, կյանքը ցույց կտա, որ նման իրավիճակում ոչ ներքին, ոչ էլ արտաքին ներդրողներ հակված չեն լինի ներդրումներ կատարել։ Ներդրողները պետք է կարողանան իրենց ներդրած ֆինանսական միջոցները հետ ստանալ, իսկ բոլոր ինվեստորները ներդրում կատարելիս հաշվում են ռիսկերը՝ որքանով հավանականությունը մեծ կլինի ստանալ իրենց ներդրած գումարները։ Այս պահին Հայաստանում նման հեռանկարները մութ են, չեն երևում»։
Վարդան Բոստանջյանը դժվարացավ տնտեսական քաղաքականության մասով գնահատական տալ կառավարության գործունեությանը՝ նկատելով, որ տնտեսական քաղաքականություն ինքնին չկա և այդ պատճառով էլ իր համար դժվար է գնահատականներ տալը։
«Տնտեսական քաղաքականություն գոյություն չունի, ինչպե՞ս գնահատեմ 100 օրը։ Պարզապես պետությունը իներցիայով որտեղ հնարավոր էր գործունեություն կատարել, իրականացնում է։ Բայց որևէ խթանիչ գործոններ կիրառված չեն այս պահի դրությամբ», - նշեց Բոստանջյանը։
Անդրադառնալով պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը, Բոստանջյանն ասաց, որ նախկին նախագահի վերադարձը դրական է գնահատում և բացատրեց՝ ինչու. «Անցած գրեթե 30 տարիների ընթացքում միայն Քոչարյանի նախագահության տարիներին եմ ես տեսել երկնիշ տնտեսական աճ»։
Հարցին, թե հնարավո՞ր միանա Քոչարյանի թիմին, նախկին պատգամավորը պատասխանեց. «Ես մեծ եմ արդեն, առողջությունս չի ներում որևէ պրոցեսին մասնակցելուց»։
Վարդան Բոստանջյանը, հիշեցնենք, պատգամավորական մանդատը վայր էր դրել Քոչարյանի կալանավորումը հետապնդում համարելու մասին հայտարարությունից հետո, այն դեպքում, երբ «Ծառուկյան» դաշինքի իր գործընկեր պատգամավորները այն համարել էին զուտ իրավական գործընթաց և ձեռնպահ մնացել այլ գնահատականներ տալուց։
Խմբակցությունը պաշտոնապես հայտարարեց, որ Վարդան Բոստանջյանը վայր է դնում պատգամավորական մանդատը՝ առողջական խնդիրների պաճառով։