17/08/2018 19:58
Հայաստանում հին տնտեսական համակարգը փոխարինելու ենք ներառող տնտեսական համակարգով, երբ բոլորը կարող են բիզնես անել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ունեցած ելույթում խոսեց հայաստանյան տնտեսությունից, ասաց, որ հեղափոխությունից հետո ոչ թե տնտեսության անկում է եղել, այլ՝ ակտիվություն։
Մասնավորապես, հունիսին, ըստ վարչապետի, երկրի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.6 տոկոս։ Ավելին, նա հայտարարեց, որ այդ ցուցանիշը շարունակելու է աճել։
Նրա տվյալներով, վերջին երեք ամսում հայաստանյան բանկերի վարկային պորտֆելը աճել է 99 մլրդ դրամով, այսինքն՝ ՀՀ քաղաքացիները այդքան վարկ են վերցրել ու ներդրել բիզնեսի մեջ։ 2018-ի օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է այնքան միրգ ու բանջարեղեն, որքան՝ նախորդ տարվա ողջ ընթացքում։
«Ուզում եմ ձեզ զեկուցել, որ այս ամիսների ընթացքում Հայաստանի կառավարությունը հարկային մարմինները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի են հավաքագրել 28.8 մլրդ դրամ, ընդ որում՝ գերավճարների թիվը պակասեցվել է 26 մլրդ դրամով», - հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը հեղափոխության քաղաքական հաղթանակից հետո թևակոխել է տնտեսական հաղթանակների ժամանակշրջան։
«Մենք տնտեսությունում լրջագույն հաջողություն ենք ունենալու։ Մենք ուզում ենք, որ տնտեսական աճի մոդելը փոխվի, որովհետև հասկանում ենք, որ շարունակում ենք մնալ այն հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիները առանձնապես չեն զգում։ Մենք հենց դա ենք փոխելու Հայաստանում՝ հին տնտեսական համակարգին փոխարինելու ենք ներառող տնտեսական համակարգով, ինչը նշանակում է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միևնույն հնարավարությունը, միևնույն հասանելիությունը, բոլորը հավասար են լինելու օրենքի ու հարկային մարմինների առաջ», -հայտարարեց Փաշինյանը։