17/08/2018 20:56
Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը ժողովուրդն է. Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում կառավարության գործունեության 100 օրվա ամփոփիչ հանրահավաքում հայտարարեց, որ ինքը պատրաստ է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, իսկ Արցախի անունից՝ այդ երկրի իշխանությունը։
Կառավարության ղեկավարը ընդգծեց, որ Հայաստանը ազգովի պատրաստ է ադրբեջանական ցանկացած սադրանքի ջախջախիչ հակահարված տալ։
Միաժամանակ, նա ընդգծեց, որ Հայաստանը պատերազմ չի ուզում ու պատրաստ է խաղաղ բանակցությունների ու հասնել հիմնախնդրի խաղաղ կարգավորման։
«Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը՝ եթե բանակցային գործընթացում լինի կարգավորման մի տարբերակ, որին ես ինքս կհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ։ Երբ իմանամ, տեսնեմ կա տարբերակ, որի շուրջ կարելի է խոսել, ես կգամ, կկանգնեմ այստեղ ու բոլոր մանրամասներով կներկայացնեմ ձեզ ու դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե՞ չենք գնում։ Կորոշե՞ք գնում ենք, կգնանք, կորոշե՞ք չենք գնում, չենք գնա», - հայտարարեց Փաշինյանը։