17/08/2018 16:41
Ինդոնեզիայում զինծառայողներին թույլատրվել է առանց զգուշացման կրակ բացել անտառները հրդեհող քաղաքացիների վրա
Ինդոնեզիայի Ռիաու նահանգում զինծառայողներին թույլատրվել է առանց զգուշացման կրակ բացել անտառները հրդեհող քաղաքացիների վրա, հայտնում է РИА Новости-ն։
Ինչպես նշել է անտառային հրդեհներից պաշտպանության վարչության ներկայացուցիչ Սոնի Ապրիանտոն, նման որոշում է կայացվել՝ կապված այն բանի հետ, որ անտառային հրդեհների առաջացման դեպքում կրակը շատ արագ է տարածվում։
«Ռիաու նահանգում անտառային հրդեհների շուրջ 99 տոկոսը կապված է անպատասխանատու մարդկանց դիտավորյալ գործողությունների հետ», - ասել է պաշտոնյան։
Նա հավելել է, որ զինծառայողներն իրավունք ունեն կրակելու միայն այն դեպքում, երբ անտառը հրդեհել փորձած անձը բռնվել է դա անելու պահին։
Ավելի վաղ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել էր, որ իշխանությունները պետք է անեն հնարավոր ամեն բան, որպեսզի այս տարի օգոստոսի 18-ից սեպտեմբերի 2-ն Ինդոնեզիայում անցկացվելիք Ասիական խաղերը չտապալվեն անտառային հրդեհների պատճառով։