17/08/2018 13:57
Մշակույթի և Կրթության նախարարները համատեղ ծրագրերով են հանդես եկել, որում ընդգրկված են նաև դպրոցականները
Մշակութային ու կրթական գերատեսչությունների պատասխանատուներ Լիլիթ Մակունցն ու Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեցին նշված ոլորտները միավորող երկու կարևորագույն նախաձեռնությունների մեկնարկի մասին. դպրոցական աբոնեմենտային համակարգն ու «Քո արվեստը դպրոցում» ծրագիրն արդեն իրողություն են:
«Դպրոցական աբոնեմենտային համակարգը նախատեսված է 1-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Համակարգը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի համար երեք մշակութային հաստատություն (թանգարան կամ պատկերասրահ, թատրոն, համերգասրահ) մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն: Դպրոցական աբոնեմենտային համակարգը կգործի 2018-ի հոկտեմբերից: Ծրագիրն այս տարի փորձնական է, ընդգրկված են միայն մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող մշակութային օջախները: Հետագայում նախատեսում ենք մշակութային կառույցների առաջարկած ծրագրերը անպայման զուգորդել դպրոցական կրթական ծրագրերի հետ», - ներկայացնելով դպրոցական աբոնեմենտային նոր համակարգը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանում հրավիրված ասուլիսում ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ աբոնեմենտային համակարգից այս տարի կօգտվի շուրջ 350 հազար աշակերտ՝ հետևյալ ձևաչափով.
«Յուրաքանչյուր աշակերտի անվճար կտրամադրվի անվանական աբոնեմենտ՝ բաղկացած երեք կտրոնից: Մշակութային երեք օջախներից յուրաքանչյուրը մուտք գործելիս հսկիչը կպատռի հերթական կտրոնը: Վերջինները հետագայում ներկայացվելու են համապատասխան գերատեսչությանը: Ֆինանսավորումը կիրականացվի ըստ ներկայացված կտրոնների: Ծրագրի համար պետությունը նախատեսել է շուրջ 400 միլիոն դրամ, սակայն կարևոր են ոչ այնքան ներդրված գումարն ու ծրագրի ծավալը, որքան մեր առջև դրված նպատակաները: Մեր աշակերտների շփումը մշակույթի հետ ծրագրի թիվ մեկ նպատակն է», - ընդգծեց կրթության ու գիտության նախարարը:
ՀՀ մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունների համատեղ երկրորդ ծրագիրը, որի մասին Լիլիթ Մակունցն ու Արայիկ Հարությունյանը ազդարարեցին երեկ, կոչվում է «Քո արվեստը դպրոցում»: Այն միտված է խթանելու բարձր արվեստի ու ընթերցանության հանդեպ դպրոցականների հետաքրքրությունը:
«Ծրագրում ընդգրկել ենք թիրախային երեք ոլորտ՝ դասական երաժշտություն, կերպարվեստ և գրականություն: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում հենց այսօր հայտարարել ենք մրցույթ, որին կարող են մասնակցել նշված ոլորտների ներկայացուցիչները՝ ներկայացնելով նախագիծ՝ մի քանի բաղադրիչներով. այն պետք է ունենա ստեղծարար, ներառական և ինտերակտիվ մոտեցում: Այսինքն՝ ծրագիրը պետք է պարունակի որևէ շահեկան գաղափար, որը կմեծացնի աշակերտների հետաքրքրությունը նշված ոլորտների նկատմամբ: Ծրագրի առանցքային նպատակներից է նաև երեխաների մեջ քննադատական, վերլուծական ու ստեղծարար մտքի ձևավորումն ու զարգացումը», - ասաց Լիլիթ Մակունցը:
Նրա տեղեկացմամբ՝ մրցույթի արդյունքում կընտրվի մշակույթի 50 գործիչ, որոնցից յուրաքանչյուրին 30 դպրոցներում ծրագիրն իրականացնելու համար կտրամադրվի մեկական միլիոն դրամ:
«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում 50 արվեստագետներ իրենց ծրագրերով կայցելեն հանրապետության 1400 դպրոցներ, յուրաքանչյուրը՝ վիճակահանությամբ ընտրված 30 դպրոց: Ըստ էության, սա փոխշահավետ համագործակցություն է դպրոցի ու արվեստագետի միջև: Միաժամանակ՝ ծրագիրը մարզերում մշակութային կյանքը ակտիվացնելու հնարավորություն կտա և կնպաստի մշակույթի ապակենտրոնացմանը», - հավելեց կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: