17/08/2018 18:39
Մոսկվայաբնակ Նաիրա Նիազյանն ու ամուսինը միացել են «Հայ մայրեր» կազմակերպության բարեգործական առաքելությանը. մանրամասնում է հաղորդավարուհին
Մոսկվայաբնակ հաղորդավարուհի, «Arm fashion day» նախագծի ղեկավար Նաիրա Նիազյանն օրերս հանդես է եկել հերթական բարեգործությամբ: Երիտասարդ հայուհու ուշադրության կենտրոնում այս անգամ հայտնվել է Հայաստանում գործող «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպությունը, որն աջակցում է մանկական ուղեղային կաթված ախտորոշումն ունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին: Ի դեպ, Նաիրայի՝ այս տարեսկզբից գործող «Stand by armenian women» բարեգործական ֆոնդը վերջերս հերթական օգնությունն էր տրամադրել Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի յոթ զոհված ազատամարտիկների կանանց:
«Մենք համագործակցել ու շարունակելու ենք համագործակցել այն մարդկանց ու կազմակերպությունների հետ, որոնք տարիների փորձ ու լավ համբավ ունեն: Այս անգամ որոշեցի միանալ Նարինե Մանուկյանի «Հայ մայրեր» ֆոնդին ու աջակցել նրանց դիմած միայնակ մայրիկներից մեկին, ում 8 տարեկան բալիկն ունի մտավոր խնդիիրներ ու սրտի սուր արատ», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Նաիրա Նիազյանը:
Նաիրայի նախաձեռնությանը միացավ վերջինիս ամուսինը՝ գեղանկարիչ Արթուր Սարյանը: Ամուսինները որոշեցին նկարչական մաստեր կլաս անելու փոխարեն այլ ծրագիր իրականացնել:
Ընտանիքին որպես օգնություն տրվել է նաև կարի մեքենա, ու կարուձևի համար անհրաժեշտ բոլոր պարագաները, որպեսզի ընտանիքն իր աշխատանքի շնորհիվ այսուհետև եկամուտի հիմնական աղբյուր ունենա: Անհրաժեշտ գումարը հավաքվել է Արթուր Սարյանի նկարների նոր՝ «UNOVIS Saryan» հավաքածուի փակ ցուցահանդեսի ժամանակ, որին հրավիրված էին մշակույթի հայ և ռուս ճանաչված գործիչներ:
«Փակ ցուցահանդեսի համար մեզ տարածք տրամադրեց մեր հայրենակցուհի Գայանե Բրեիովան: Ես իմ ձեռքով կարեցի բաճկոնակ (ժիլետ՝ հեղ.), ամուսինս էլ դրա վրա նկարեց: Ձեռքի այդ աշխատանքը դրեցինք ցուցահանդես-վաճառքի: Սակայն մեր միջոցառման հյուրերը որոշեցին՝ ավելի լավ է՝ ով որքան կարող է գումար ներդնի, բաճկոնակն էլ, որպես նվեր, ուղարկենք այդ բալիկի մայրիկին, քանի որ առողջական վիճակից զատ ընտանիքը նաև սոցիալական խնդիրներ ունի», - եզրափակելով խոսքը՝ մանրամասնեց մեր զրուցակիցը: