21/08/2018 10:07
«Ժողովուրդ». Երևանն իր 2800-ամյակը կդիմավորի առանց քաղաքապետի
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մայրաքաղաք Երևանն իր 2800-ամյակը կդիմավորի առանց քաղաքապետի: Ինչպես հայտնի է` ԿԸՀ-ն Երևանի ավագանու ընտրությունների օրը նշանակել է սեպտեմբերի 23-ին: Այդ օրը պարզ կդառնա ապագա ավագանու կազմը, ըստ այդմ՝ նաև ապագա քաղաքապետի անունը: Սակայն չնայած այդ հանգամանքին, ավագանին միանգամից չի ընտրելու քաղաքապետին. «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս տեղեկացրել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` «Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը»:
Այդ նիստում էլ ընտրվելու է քաղաքապետը: Ակնհայտ է, որ ԿԸՀ-ն ավագանու ընտրության արդյունքները պաշտոնապես կհրապարակի ընտրություններից մի քանի օր անց, եթե մինչ այդ նաև մասնակից ուժերից չբողոքարկեն արդյունքները: Ցանկացած դեպքում օրենքով սահմանված 10-րդ օրը չի լինի սեպտեմբերի 29-30-ին, այսինքն՝ այն օրերին, երբ մայրաքաղաքը նշում է հիմնադրման օրը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում